News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնապահպանները հետեւել են ցամաքային ողնաշարավոր կենդանիների գրեթե 30 հազար տեսակների թվաքանակի տատանումներին եւ հայտնաբերել, որ նրանցից ավելի քան 500-ը անհետացման եզրին է, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը:

«Երբ մարդկությունը ոչնչացնում է մյուս կենդանի էակների հերթական պոպուլյացիան կամ տեսակը, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Մենք ոչնչացնում ենք մեր կենսապահովման սեփական համակարգի կարեւորագույն մասերը: Անհետացող տեսակների պահպանումը բոլոր երկրների եւ քաղաքակրթությունների համար պետք է լինի նույնքան կարեւոր խնդիր, որքան պայքարը գլոբալ տաքացման դեմ»,- մեկնաբանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Փոլ Էրլիխը:

Էրլիխը եւ նրա գործընկերները 5 տարի առաջ հայտարարել էին, որ երկրագնդում սկսվել է կենդանիների վեցերորդ զանգվածային անհետացումը: Նրանց հաշվարկները ցույց են տվել, որ անցած դարաշրջաններում ամեն 100 տարին մեկ այդ ժամանակ գոյություն ունեցած կենդանիների յուրաքանչյուր 10 հազար տեսակից անհետացել է կաթնասունների մոտ 2-ական տեսակ: Սակայն վերջին երկու հարյուրամյակներում, անտրոպոցենի, մարդկության դարի սկսվելուց հետո այս ցուցանիշն աճել է մոտ 114 անգամ: Նրանց գնահատմամբ՝ հիմա կենդանիների անհետացման տեմպերը մոտ են նրան, ինչ արագությամբ 66 մլն տարի առաջ անհետացել են ֆլորայի եւ ֆաունայի ներկայացուցիչները, երբ Երկրի երեսից անհետացել են դինոզավրերը, ծովային սողունները եւ պտերոզավրերը:

Կենդանիների անհետացող աշխարհը

Էրլիխը եւ նրա գործընկերներն իրենց նոր աշխատանքում կենտրոնացել են այն կենդանիների վրա, որոնց շատ արագ է սպառնում անհետացումը: Այս նպատակով բնապահպանները վերլուծել են, թե վերջին 120 տարում ինչպես է փոխվել կաթնասունների, թռչունների, սողունների եւ երկկենցաղների թվաքանակը: Գիտնականները նրանցից առանձնացրել են այն կենդանիներին, որոնց պոպուլյացիաներում մնացել է 1000 առանձնյակից պակաս:

Այս ընտրության մեջ են հայտնվել կենդանիների 515 տեսակներ, Երկրի ընդհանուր տեսակային բազմազանության 1,7 տոկոսը: Հետազոտողները նշում են, որ կենդանիների եւս 388 տեսակներ անհետացումից մեկ քայլ են հեռու. Երկրի վրա մնացել է դրանց 1000-ից մինչեւ 5000 առանձնյակ:

Անհետացող ողնաշարավոր կենդանիների մեկ երրորդը, բնապահպանների խոսքով, բնակվում է Հարավային Ամերիկայի տարածքում, իսկ եւս 20 տոկոսն ապրում է Օվկիանիայի կղզիներում եւ Ասիայի տարբեր շրջաններում: Առաջին տարածաշրջանում կենտրոնացած է անհետացող թռչունների մեծ մասը, իսկ մյուս երկուսում՝ կաթնասունների մեծ մասը:

Էրլիխն ու նրա գործընկերները նշում են, որ այդ կենդանիների պոպուլյացիայի կրճատումը ցույց է տալիս, որ դրա գլխավոր մեղավորը մարդն է:

Բնապահպանների հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այդ կենդանիներն անհետանան, ապա կանհետանան նաեւ երկրորդ ցուցակից մի քանի հարյուր տեսակներ, քանի որ դրանց մեծ մասն ապրում է մոլորակի նույն վայրերում, որտեղ ապրում են 515 անհետացող ողնաշարավորները, եւ նրանց սպառնում են նույն գործոնները:

Առաջնորդվելով նման նկատառումներով՝ գիտնականներն առաջարկում են այդ բոլոր կենդանիներին ներառել Կարմիր գրքում, ինչպես նաեւ քննարկել վայրի եւ հազվագյուտ կենդանիների առեւտրի լրիվ արգելքը: Էրլիխի եւ նրա գործընկերների խոսքով՝ դա ոչ միայն կպաշտպանի նրանց անհետացումից, այլ նաեւ կկանխի այնպիսի հիվանդությունների բռնկումը, ինչպիսին է SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքում էկզոտիկ մսի շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ