News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիմանել է նահանգապետներին նրա համար, որ նրանք առանց ոգեւորության են ընդունել անկարգությունները ճնշելու համար զինված ուժերին ներգրավելու իր առաջարկությունը։

«Նյու Յորքում տիրում են թալանչիները, ավազակները, արմատական ձախերը եւ այլ թափթփուկներ։ Նահանգապետը հրաժարվում է ընդունել Ազգային գվարդիայի գերակշիռ ներկայության մասին իմ առաջարկը։ Նյու Յորքն ավերել են»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ նկատի ուընենալով Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին։

Երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում ցուցարարները կոտրել էին ցուցափեղկերը եւ կողոպտել խանութները, այդ թվում՝ Հինգերորդ ավենյուում գտնվող էլիտար բուտիկները։

Կուոմոն գրել էր, թե վրդովված է Նյու Յորքում տեղի ունեցող բռնություններից եւ կողոպուտներից՝ նշելով, որ քաղաքապետն ու ոստիկանությունը «անցյալ գիշեր լավ չեն կատարել իրենց աշխատանքը»։ Կուոմոյի խոսքերով՝ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն թերագնահատում է խնդրի ծավալները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Նահանգապետն ասել է, թե քաղաքապետներին առաջարկել է նահանգի ոստիկանության կամ Ազգային գվարդիայի 13 000 զինծառայողների աջակցությունը, որոնք դեռեւս պահուստային դիրքերում են։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Նյու Յորքի ոստիկանությունը, որն ունի 38 000 աշխատակիցներ, պետք է իր ուժերով գլուխ հանի։

Կուոմոն հավելել է, որ նախագահը փորձում է աղավաղել խաղաղ ցուցարարների եւ թալանչիների միջեւ սահմանը։

Դե Բլազիոն բացասական վերաբերմունք է դրսեւորել երկրի խոշորագույն քաղաքում Ազգային գվարդիան օգտագործելու գաղափարի հանդեպ: Նրա խոսքերով՝ երբ ուժերը, որոնք սովոր չեն գործ ունենալ նյույորքյան բազմության հետ, միջամտում են, «բայց միաժամանակ մեծ քանակությամբ զենք են ունենում եւ սթրեսային իրավիճակում են գտնվում, սարսափելի բաներ են կատարվում»:

Ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ Ժոզեֆ Լենգիելը նշել է, որ երկուշաբթի երեկոյան երկրում բռնությունների մակարդակը նվազել է, չնայած բողոքի գործողությունները շարունակվում կամ նույնիսկ ակտիվանում են: Ըստ նրա, երեքշաբթի գիշերը Ազգային գվարդիայի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Լենգելը հավելել է, որ 29 նահանգում Ազգային գվարդիայի 18 000 անդամներ օգնություն են ցուցաբերում տեղական իրավապահ մարմիններին, եւ որ այդ ցուցանիշը շարունակում է աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ