News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար:

Երեւանի Սիլիկյան եւ Հաղթանակ թաղամասերի միջեւ գտնվող խոզաբուծական համալիրը շինարարական աշխատանքներ կատարելիս վնասել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը, որի պատճառով բնակավայրի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր:

Տեղեկանալով կատարվածի մասին բնակիչների ահազանգից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ առողջապահական նկատառումներով դադարեցրել է Մերձավանի ջրամատակարարումը, դատարկել գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ կուտակված ջուրը, ինչպես նաեւ համակարգի տարբեր կետերից ջրի նմուշառումներ կատարել եւ ուղարկել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության: Այնուհետեւ մասնագետները ձեռնամուխ են եղել ջրագծի վթարի վերացմանն ու համակարգի ախտահանմանը: Հաշվի առնելով, որ Մերձավանի շատ տնատիրություններում առկա են ջրի պահեստավորման համար նախատեսված տարողություններ, որոնք հնարավոր չէ ախտահանել, ընկերությունը հարդորում է բնակիչներին խուսափել դրանցում կուտակված ջուրն օգտագործելուց՝ անցանկալի հետեւանքներից զերծ մնալու համար:

Աշխատանքները տարվել են ամբողջ գիշեր եւ այս պահին դեռ շարունակվում են:  Արդեն իսկ ապահովվել է բնակիչների մեծ մասի ջրամատակարարումն այլընտրանքային խողովակաշարով, իսկ մյուսների կենցաղային նվազագույն կարիքներն այս ընթացքում կբավարարվեն շրջիկ ավտոցիստեռնի միջոցով: 

Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ, արտակարգ պատահարի մեղավոր կողմին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ պատճառված վնասի դիմաց փոխհատություն ստանալու  նպատակով:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը շնորհակալություն է հայտնում Մերձավանի բնակիչներին եւ համայնքապետարանին՝ ստեղծված իրավիճակին ըմբռնումով մոտենալու եւ իրականացվող աշխատանքներին ցուցաբերվող աջակցության համար, ինչպես նաեւ հայցում է նրանց ներողամտությունը ակամա պատճառվող անհանգստության համար։ «Վեոլիա Ջուր»–ը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը Մերձավանում ջրամատակարարման համակարգը աշխատանքային վիճակի բերելու, ներկայացվող չափանիշներին համապատասխանող ջրի որակ ապահովելու եւ ջրամատակարարումը շուտափույթ վերսկսելու համար:  Աշխատանքների ընթացքի եւ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Տպել
Ամենաշատ