News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 միջնական դպրոցում հունիսի 5–ին տեղի կունենա տնօրենի ընտրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նույն դպրոցի ուսուցչուհի, Կառավարման խորհրդի քարտուղար Քրիստինա Նաջարյանը։

«Երկու թեկնածու են, երկուսն էլ քիմիայի ուսուցչուհիներ են՝ Հրանուշ Գրիգորյան եւ Լիլիթ Բաբայան։ Հրանուշ Գրիգորյանը մեր դպրոցի ուսուցչուհի է, իսկ մյուս ուսուցչուհին Վաղարշապատի թիվ 3 դպրոցից է։

Դիտարկմանը, որ Հրանուշ Գրիգորյանն այն ուսուցչուհին է, որի մասին հրաժարական տված տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը բարձրաձայնում էր, որ նրա ամուսինն է իր դեմ արշավ սկսել, որ իր կնոջը տնօրեն դարձնի, Նաջարյանը պատասխանեց. «Այդ պահին դա ճիշտ տեղեկատվություն չէր, որովհետեւ դրանից հետո ենք մենք խնդրել տիկին Գրիգորյանին մասնակցի ընտրությանը, քանի որ ինքն էլ հավաստագիր ունի։ Դպրոցում հավաստագիր ունեցող այլ ուսուցիչ չունենք, միայն Գրիգորյան Հրանուշն է»։

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անավն համար 8 միջնակարգ դպրոցում տնօրենի ընտրություններում 2 թեկնածուներից ոչ մեկ բավարար 5 ձայն չէր ստացել եւ փոխվարչապետի հրահանգով տնօրեն էր նշանակվել 1 ձայն քիչ հավաքած թեկնածուն՝ Շուշանիկ Ոսկանյանը։ Դպրոցում տեւական ժամանակ խաթարվել էր դասապրոցեսը, աշակերտները, ծնողները եւ ուսուցչական կազմը պահանջում էին նորանշանակ տնօրենի հրաժարականը։ Ծնողներն ու ուսուցիչները մի քանի հանդիպումներ ունեցան թե մարզպետարանի աշխատակիցների, թե անձամբ մարզպետի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեկան։ Նրանք նաեւ կառավարություն եկան եւ հայտարարեցին, որ ստորագրահավաք են իրականացնում եւ որ պատրաստվում են իրենց երեխաներին հանել այդ դպրոցից։

Շուշանիկ Ոսկանյանը հունվարի 13–ին հրաժարական տվեց, սակայն նշեց, որ այս ամենի հեղինակը դպրոցի քիմիայի ուսուցչուհու ամուսինն է, որը ցանկանում է իր կնոջը դարձնել դպրոցի տնօրեն։

Քիմիայի ուսուցչուհու ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքել էր լուրը։ Նա մասնավորապես ասել էր. «Իրականությանը չի համապատասխանում այդ պնդումը։ Եթե իմ կինը ցանկանար դառնալ դպրոցի տնօրեն, ապա կմասնակցեր մրցույթին, կտեսնեինք՝ կընտրվեր, թե ոչ, բայց մենք ցանկություն չենք ունեցել, որ իմ կինը մասնակցի այդ ընտրություններին և դառնա տնօրեն, բայց քանի որ համայնքի բնակիչները դեմ են հանդես գալիս, ես որպես համայնքի բնակիչ մասնակցում եմ այդ հարցի լուծմանը»։

 

Տպել
Ամենաշատ