News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաեւ գերատեսչության առաջիկա անելիքների մասին:

Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: 2019 թ. միջոցառումներն ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) իրավական կարգավորումների սահմանմանը, միջազգային համագործակցության խորացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղատնտեսության աջակցությանը, 2020թ. առաջին 4 ամսվա ընթացքում՝ ԵԱՏՄ շրջանակում եւ երրորդ երկրների հետ փոխադարձ առեւտրում խոչընդոտների վերացմանը, երրորդ երկրներից ՀՀ ներմուծման եւ արտահանման ընթացակարգերի սահմանմանը, ՊՄԳ վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծմանը եւ այլն: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 2019թ. որոշ միջոցառումներ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չեն կատարվել եւ կիրականացվեն 2020թ. միջոցառումների ծրագրին զուգահեռ:

Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթեւի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ եւ երրորդ երկրների միջեւ համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների եւ արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների եւ 100-ից ավելի գործարարների համար: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաեւ առցանց: Զեկուցվել է նաեւ Ներդրումների աջակցման կենտրոնում ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում գտնող ծրագրերի մասին:

Նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն արտացոլելու նպատակով լրամշակման փուլում են արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության եւ չափագիտության ռազմավարությունները: Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջիկա անելիքների առումով իրականացվելու են գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, արդյունաբերության զարգացման, ՓՄՁ խթանման, գյուղատնտեսության աջակցության եւ արդիականացման շարունակական միջոցառումներ:

Նախարարի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքով եւ որակով: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան, մասնավորապես, զեկուցվել է, որ

- պետություն-մասնավոր գործընկերության զարգացման նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: Վարչապետին ներկայացվել են ՊՄԳ կազմակերպման հիմնական սկզբունքները, նշվել է, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է:

- Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում:

- Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձեւավորման, համապատասխան մասնագետների ներգրավման եւ տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել:

Վարչապետը հետաքրքրվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացման ընթացքով: Նախարարը զեկուցել է, որ աշխատանքները տարվում են գործող աջակցության ծրագրերի լավարկման, հարկային կարգավորումների բարելավման, հողային ռեֆորմի իրականացման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրի իրականացման եւ պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման համակարգի գործարկման ուղղություններով:

Նշվել է, որ գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին եւ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի եւ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ: Ներկայացվել է նաեւ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի եւ հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրման միջոցառումների ընթացքը: Վարչապետը կարեւորել է գյուղոլորտի պետական աջակցության արդյունավետ իրականացումը եւ հանձնարարել ձեռնարկել առավել դանդաղ տեմպով իրականացվող միջոցառումները խթանող քայլեր:

Հողային ռեֆորմի մասով նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի եւ Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչեւ տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը:

Վարչապետին զեկուցվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ծրագրում սահմանված են գործընթացի ուղղություններն ու քայլերը: Պատասխանատուների վստահեցմամբ՝ կառավարության հաստատումից հետո այն հնարավոր կլինի սկսել, նախատեսվում է զուգահեռ կազմակերպել նաեւ շահառուների լայն իրազեկման գործընթաց: Այս համատեքստում ներկայացվել են նաեւ ոչխարաբուծության, տոհմային անասնաբուծության ծրագրերի իրականացման ընթացքը, սպանդանոցների կառուցման աշխատանքները:

Գյուղոլորտի հարկային կարգավորումների բարելավման հարցի առնչությամբ նախարարը նշել է, որ դրա նպատակը հարկային ռեժիմների ներդաշնակեցման, լավարկման ճանապարհով փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցությունն է եւ տեղական արտադրության խթանումը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նշվել է, որ այս տարվա հուլիսին կներկայացվի կոնկրետ առաջարկների փաթեթ:

Անդրադարձ է եղել նաեւ հանձնարարականների կատարողականին:

Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2019թ. գործունեությունը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներին տեմպ եւ արդյունավետություն հաղորդելու կարիք կա: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ