News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների օրագիրը, որը կարող է պարունակել նացիստների կողմից թաքցված միլիարդավոր դոլարների արժողությամբ գանձերի գտնվելու վայրի ցուցում, քարտեզի պատճառով հայտնվել է ուշադրության կենտրոնում, հայտնում է FOX News-ը:

Օրագիրը գրել է «Միխաելիս» կեղծանունով մեկը, ով ԷՍԷՍ-ի սպա է եղել, հայտնում է լեհական լրատվական The First News (TFN) կայքը։ Դրանում նա գրում է Հենրիխ Հիմլերի ծրագրերի մասին, ով ցանկանում էր թաքցնել պատերազմի տարիներին նացիստների կողմից գողացված արվեստի գործերը, արտեֆակտները եւ այլ անգին հարստություններ: Ասում են, որ օրագրում կա քարտեզ, որում նշված է 11 վայր, որտեղ նացիստները թաքցրել են իրենց ունեցվածքը, այդ թվում՝ 16-րդ դարի դղյակ, որը Լեհաստանում է, Ռոզտոկի մոտակայքում:

Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ խոսքը մի գանձի մասին է, որը կազմում է ավելի քան 30 տոննա ոսկի: Համարվում է, որ ոսկին ջրհորի հատակին է՝ Խոխբերգ անվանումով հայտնի ամրոցի տակ: TFN-ը հայտնում է, որ ոսկին միլիարդավոր եվրոներ արժի:

Օրագիրը երկար տարիներ պահվել է Գերմանիայի Քվեդլինբուրգ քաղաքում գտնվող մասոնական օթյակում, որում ընդգրկված էին նացիստական սպաներ, այդ թվում՝ օրագրի հեղինակ «Միխաելիսը»։ 2019-ին օթյակը օրագիրը հանձնել է «Սիլեսյան կամուրջ» հիմնադրամին՝ «որպես ներողություն Երկրորդ համաշխարհային պատերազմի համար», հայտնում է TFN-ը:

Ռոման Ֆուրմանյակը, ով ղեկավարում է հիմնադրամը, TFN-ին ասել է, թե կարծում է, որ Ռոզտոկի ամրոցը օրագրում նշված 11 գաղտնարաններից առաջինն է: «Հիմնվելով քվինդլինբուրգցիներից ստացած ուղեցույցների վրա՝ կարծում եմ, որ պալատի տարածքում ջրհոր եմ գտել»,- ասել է Ֆուրմանյակը:

Լեհաստանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարության ներկայացուցիչ Մագդալենա Տոմաշեւսկայան ասել է, որ օրագրի բնօրինակ լինելը դեռ հաստատված չէ:

Բացի քարտեզից, Ֆուրմանյակը նշել է, որ օրագրում կան լրացուցիչ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ նացիստները արտեֆակտները ապօրինի կերպով ստանալուց հետո վկաներին սպանել են եւ նրանց մարմինները նետել են ջրհորը ու պայթեցրել մուտքը:

Խոխբերգի պալատի տերերը պատրաստվում են վերակառուցել շենքը: Վերականգնման աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ կորոնվի նաեւ թաղված ջրհորը, նշում է TFN-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ