News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 09
USD
485.74
EUR
547.57
RUB
6.82
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։

Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների եւ թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։ Առկա նեղությունների ու խռովահույզ վիճակի պայմաններում կարեւորվեց առավել ջանքերի գործադրումը՝ ամրապնդելու հավատքը, հառնող դժվարությունները Աստծո օգնությամբ հաղթահարելու հույսը, լավատեսության ոգին եւ սերը հայրենիքի, ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ։

Դիմելով միաբաններին առաքյալի խոսքով, որն ասում է. «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամ ավելին եղեք Տիրոջ գործի մեջ» (Ա Կորնթ. 15.57-58)՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականությանը հոգեւոր խնամատարությամբ, առավել եռանդուն քարոզչական գործունեությամբ, աստվածային պատվիրանների եւ Սուրբ Գրոց ուսուցման մատուցմամբ, Քրիստոսի վարդապետության ջամբումով շարունակել իրենց սպասավորությունը՝ պայքար մղելով նաեւ ժողովրդի կյանքում տեղ գտնող անվայելուչ եւ մերժելի երեւույթների դեմ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։

Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․ «Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։

Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաեւ համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Սուրբ Գիրքն ասում է․ «Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն» (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգեւոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները եւ տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության եւ փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետեւ արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձեւերով եւ թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի եւ դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման եւ տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ, - ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։

Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են եւ լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով։ Դարերի ընթացքում այս ոգով ենք կարողացել դիմագրավել դժվարությունների ու նեղությունների, զորացնել մեր պետությունն ու ազգային կյանքը։ Միաբանությունն է մեր Հայկազյան ազգի ուժն ու զորությունը։ Այս ամենում մեծապես կարեւում ենք մեր հոգեւորականների առաքելությունն ու դերակատարությունը»։

Նորին Սրբությունը նաեւ խոսեց համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել եւ ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգեւոր դասով այս առումով կարեւոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ եւ այլուր այցելելիս խստորեն հետեւեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարեւոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։

Այս իմաստով մեր հոգեւոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն եւ ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետեւեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», - ասաց Վեհափառ Հայրապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բովանդակային փոփոխություն չի լինելու․ Մակունցը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի հանվում օրակարգից, այն համադրվելու է հայ ժողովրդի պատմության հետ․․․
Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը
Միաժամանակ, համայնքի ղեկավարի որդին հիշյալ հողամասը համայնքին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել...
Ցանկացած մեկը, որ սուր է բարձրացրել հայ եկեղեցու դեմ՝ գնացել է, եկեղեցին՝ մնացել․ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Մարդիկ պետք է հասկանային, որ հայ եկեղեցին այն հաստատությունը չէ, որի դեմ կարելի է սուր ճոճել և հաղթող դուրս գալ...
ԿԳՄՍ փոխնախարարը 1-2 րոպե ժամանակ էր տվել. սա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը. Հայր Զաքարիա
Չենք ցանկանում առաջ ընկնել եւ կարծիք հայտնել...
Գարեգին Բ-ն Կաթողիկոսն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին և մարզային իշխանությունների ներկայացուցիչներին
Հանդիպմանը Հայր Պարթևը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերված…
Մենք հակապատմական մոտեցում ենք ցուցաբերել, երբ եկեղեցին դիտարկել ենք զուտ կրոնական կազմակերպություն. Արթուր Ղամբարյան
Գրիգոր Լուսավորչի աջը, Գեղարդը որեւէ կազմակերպության սեփականությո՞ւնն է, այն այդ կազմակերպության հաշվեկշռում է, բայց…