News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մինչ հայ հանրությունը բուռն քննարկում էր մարդկանց կուտակումներով տարաբնույթ լուսանկարների ու տեսանյութերի հրապարակմամբ վարչապետ Փաշինյանի հայտարարած հասարակական վերահսկողության նպատակահարմարությունը, արդյունավետությունը, արժանահավատությունն ու որոշ դեպքերում օրինականությունը, կրքերի բորբոքման նոր առիթ ունեցավ, երբ իր ֆեյսբուքյան էջում ակտիվիստ Մանուել Մանուկյանը հրապարակեց տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ, ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։ «Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են Հայաստանի քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին», գրել է ակտիվիստը։  NEWS.am-ին  ոստիկանությունից  հայտնել են, որ քաղաքացին վարչական բերման է ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, իսկ տեսանյութը կուսումնասիրվի։ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի: Սա իմ պահանջն է ոստիկանությունից, սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»։

Քաղաքացուն այդ կերպ բերման ենթարկելը լրիվ իրավաչափ է, համոզված է «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Մինչդեռ ոստիկանների գործողությունները Մարդու իրավունքների պաշտպանը համարել է  առերեւոյթ անհամաչափ:  Տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Արման Սարգսյանն ասել է, որ պարբերաբար դուրս է գալիս ծառայության վիճակը ստուգելու եւ տեսնում է, որ ոստիկաններ տեսնելիս, քաղաքացիների դիմակը կիսահանած վիճակից միանգամից բարձրացնում են դեմքին, իսկ անցնելուց հետո  կրկին հանում են։ Շոգին դիմակն անընդհատ կրելու դժվարության մասին ոստիկանապետն ասել է. ավելի լավ է դժվար շնչեն, քան, Աստված չանի, մի բան լինի եւ չշնչեն։

Ոստիկանության եւ ՍԱՏՄ աշխատակիցները գնացել են մեկ այլ աղմկահարույց տեսանյութի հետքերով: Նրանք այցելել են այն ռեստորանային համալիր, որտեղ  տեղի է ունեցել հարսանեկան խնջույքը, եւ որի տեսանյութը վարչապետը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում որպես համաճարակային կանոնների խախտման օրինակ։

Տեսանյութի մասին Նիկոլ Փաշինյանը գրառում էր թողել, որ այն, իր կարծիքով, մեր ընթացիկ պրոբլեմի ամենավառ արտահայտությունն է։ Ռեստորանի փոխտնօրենը NEWS.am-ին հայտնել է, որ հյուրերի քանակը չի գերազանցել 30–ը, նրանք նստած են եղել բացօթյա տարածքում՝ իրարից առանձին հինգ հոգանոց սեղանների շուրջ, մինչեւ ռեստորանի տարածք մտնելը ջերմաչափվել են։ Այնքան ուռճացված, ինչպես ներկայացվում է, չի եղել,- նշել է նա։ Հարսանիքի ժամանակ բեմականացում է եղել, երիտասարդները ԱԱԾ-ականների եւ ոստիկանների համազգեստով իբր ներխուժում են ռեստորանի տարածք եւ պահանջում դադարեցնել միջացառումը, ապա սկսում պարել շփոթված ներկաների համար:

Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք, մեկնաբանելով այդ հարսանիքն, ասել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա ունի դատարան դիմելու իրավունք, Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից լուսանկարներ հրապարակելու մասին:  Հիշեցնենք, որ Փաշինյանը հրապարակել էր մետրոյում առանց դիմակի նստած աղջկա լուսանկար, որտեղ երեւում էր աղջկա դեմքը եւ հետեւյալ գրառումն արել ՝ «Անթաքույց գեղեցկություն», օգտատերերն էլ անպարկեշտ մեկնաբանություններ էին թողել։ Սակայն հանրային բուռն քննադատություններից հետո Փաշինյանը լուսանկարը հեռացրել էր իր էջից։

Թեեւ հեռացված լուսնակարներն ու  տեսանյութերը քիչ չէին, այնուհանդերձ, Փաշինյանը շարունակում է հրապարակել հակահամաճարակային կանոնները  խախտող քաղաքացիների լուսանկարներ։ Նա դարձյալ իր էջում տեղադրել է մետրոյում առանց դիմակի նստած 3 երիտասարդի լուսանկար, որոնց դեմքերը երեւում են եւ որոնցից առնվազն մեկն ակնհայտ անչափահաս է։

Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում, Թվիթերի  իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է նա:

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ ներկայիս տնօրենն արձագանքել է նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, թե խոսվում է 43 մլրդ դրամ պետական բյուջե վերադարձի մասին, մինչդեռ իր հրաժարականից հետո որեւէ գումար մուտք չի եղել բյուջե աղմկահարույց գործերով

Իսկ այդ ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը շարունակում են մեծ տեմպերով ավելանալ: Անցած մեկ օրում COVID-19-ով վարակվելու 596 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր թիվը հասել է 11817-ի: Այս պահին բուժվում է 8052 մարդ: Մահերի թիվն ավելացել է 7-ով ու հասել 183-ի:

Կորոնավիրուսից նախօրեին Հայաստանում մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Վարակվածներից 1 հոգի էլ մահացել է  այլ հիվանդությունից։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 69 է:

Առաջին նախագահը հանդես է եկել գործող իշխանության պաշտպանությամբ եւ նրա դեմ պայքարողներին դավաճան որակել: ilur.am կայքը ներկայացրել է այսպես կոչված «պարզագույն սիլլոգիզմ» Լեւոն Տեր-Պետրոսյանից:  a)      Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, b)      Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:

Պետական բյուջեն անվտանգություն է, մենք վճարում ենք բյուջե, որ իրար հետ ապահովենք մեր հավաքական անվտանգությունը, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ համոզմունք հայտնել, որ քաղաքացին ինքը պետք է պահանջի, որ պետական պաշտոնյան ստանա բարձր աշխատավարձ:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.37 դրամով ու  կազմել 481.74 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.13 դրամով ու հասել  546.00 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.50 դրամով ու հասել  608.44 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 7.01 դրամ։

Հունիսի 6-ին Հայաստանի շրջանների զգալի մասում, նաեւ մայրաքաղաքում կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում գիշերը կլինի 11-15 աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը 28-ից 30 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ