News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ:

Հայտարարությունում ասվում է.

«Հայտարարություն արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ 2020 թ․ մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ N 298-Ն որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արգելվեց հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը:

Միաժամանակ, հանրային միջոցառումների անցկացումը (ներառյալ՝ ժամանցային միջոցառումներ, տոնական եւ հիշատակի միջոցառումներ) մինչեւ 5 անձի մասնակցությամբ թույլատրվում են։

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, այդուհանդերձ, հանրապետության տարբեր վայրերում տեղի են ունեցել հավաքներ եւ այլ ակցիաներ, որոնց նկատմամբ ոստիկանության կատարած վարչարարությունը կրել է անհավասար եւ անհամաչափ բնույթ։

Մի շարք դեպքերում ոստիկանությունը դադարեցրել է մինչեւ 5 մասնակից ունեցող հավաքները (օրինակ՝ ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նստավայրի առջեւ, հունիսի 4-ին Էրեբունի բիզնես պլազայի առջեւ անցկացվող հավաքները), այլ դեպքերում բազմամարդ հավաքների նկատմամբ չի դրսեւորել էական միջամտություն (օրինակ՝ մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջեւ, մայիսի 24-ին ք․ Կապանում տեղի ունեցած հավաքները):

Դիտարկվել են նաեւ միանձյա պիկետներ իրականացնող քաղաքացիների իրավունքների նկատմամբ միջամտության դեպքեր (օրինակ՝ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության առջեւ ակտիվիստ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու դեպքը), թեեւ ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի՝ հավաքի համար անհրաժեշտ է երկու կամ ավելի անձանց առկայություն։

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը եւ բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգները, մարդու իրավունքների որոշակի սահմանափակումների պահպանումը անհրաժեշտ է, սակայն ցանկացած դեպքում սահմանափակումները պետք է հիմնվեն օրինականության եւ համաչափության սկզբունքների խիստ պահպանման վրա։

Այս առումով հիմնավորված չէ հավաքների ազատության իրավունքի եւ հանրային միջոցառումների նկատմամբ գործող սահմանափակումների նմանատիպ տարբերությունը, ինչպես նաեւ ոստիկանության կողմից տարբերակված մոտեցումը տեղի ունեցող հավաքների նկատմամբ։ Հավաքների 1 կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ սահմանելով որոշակի պահանջներ եւ վարքագծի կանոններ (օրինակ՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, առավելագույն մասնակիցների քանակ եւ հավաքի առավելագույն տեւողություն) հնարավոր է ապահովել այդ սահմանադրական իրավունքի իրացումը՝ զուգահեռաբար չեզոքացնելով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը։

Վերոգրյալից ելնելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեն կոչ է անում ՀՀ կառավարությանը եւ Ազգային Ժողովին՝ արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառել առավելագույնը այն սահմանափակումները (օրինակ՝ մասնակիցների առավելագույն թիվը), որոնք կիրառվում են հանրային միջոցառումների նկատմամբ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ, եթե առկա չեն տարբերակման հիմքեր, ինչպես նաեւ զերծ մնալ միանձյա ակցիաների նկատմամբ միջամտություններից։

 

Տպել