News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Համավարակի չդադարող նորությունների շղթայում շատ իրադարձություններ մնում են աննկատ` չարժանանալով ուշադրության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ չքննարկվող ու աննկատ իրադարձություններից մեկն էլ տեղի ունեցավ անցած շաբաթ Սեւան քաղաքում:

Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկում տարեց բնակչի անզգուշության պատճառով բնակարանում բռնկված հրդեհի հետեւանքները գուցե լինեին անդառնալի, եթե Սեւան քաղաքի բնակիչ 23-ամյա Օնիկ Բադալյանը չգործեր ժամանակին ու կազմակերպված` կողմնորոշվելով րոպեների ընթացքում:

«Նոր էի մեր շենք մտնում, երբ լսեցի ուժեղ պայթյունի ձայն»,- ասում է Օնիկը եւ շարունակում. «Շրջվեցի եւ տեսա դիմացի շենքի մոտ խմբված մարդկանց, իսկ 2-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ, ծուխ, կոտրված ապակիներ: Պետք էր արագ գործել: Արագ, առանց խուճապի բարձրացա այդ բնակարան ու գործի անցա»:

Չսպասելով որեւէ մեկի արձագանքին կամ հրահանգին, մինչ կժամանեին համապատասխան ծառայությունների աշխատակիցները` Օնիկը կոտրել է դուռը, ներս մտել, բնակարանից հանել տարեց մարդուն, ում հագուստը, ինչպես ինքն է նկատում, արդեն այրվում էր, ապա զբաղվել է բնակարանի այրվող հատվածները հանգցնելու գործով:

Ինչպես ականատեսներն են վկայում` Օնիկը գործել է արագ, կազմակերպված, Արցախի բանակում ծառայած զինվորին վայել:

Մի քանի րոպեում նրա կողմից կատարված աշխատանքը տվել է ցանկալի արդյունք, որի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել անդառնալի հետեւանքներից եւ մեծ վնասներից:

Անկախ արտակարգ դրությունից` ճանաչենք եւ գնահատենք մեր կողքին ապրող անձանց, ովքեր սոցիալական մեծ պատասխանատվություն են ցուցաբերում ցանկացած իրավիճակում` բարձր գնահատելով հանրային շահը եւ ցուցաբերելով մարդկային լավագույն որակներ:

Սեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից»:

Տպել
Ամենաշատ