Yerevan.today-ը գրում է. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործն ավարտվեց՝ արդարացման ելքով։ «Այսօր երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը եւ ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։ Քանի որ Դավիթ Գրիգորյանը, պարզվեց, անմեղ է, արդյո՞ք պետք է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը նորից իրեն հանձնվի․ այս հարցով Yerevan.today-ը դիմել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։ «Ծանոթ չեմ մանրամասն դատարանի որոշմանը․ եթե դատարանը հետեւություններ արած լինի, որ քրեական գործի հարուցումը եւ դատավոր Գրիգորյանին մեղադրանք առաջադրելն անօրինական է եղել, ինչն իրականում այդպես է, նշանակում է, որ լիազորությունները կասեցնելը, գործը նրանից վերցնելը եւ դատավոր Դանիբեկյանին փոխանցելը եղել է ապօրինաբար։ Եթե դատարանի որոշումը մեկ այլ հիմքով է, պետք էքննարկել եւ հետեւություն անել»,- ասել է Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք՝ 2019թ․ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը կասեցրեց Սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։ Դավիթ Գրիգորյանի վարույթում գտնվող բոլոր գործերը համակարգչային ծրագրի միջոցով վերաբաշխվեցին այլ դատավորների, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործը բաժին հասավ Աննա Դանիբեկյանին։