News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հնագետ Արման Նալբանդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատմության ևս մի թերթիկ ջնջվեց.

Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցի նրբանցքի հին երևանյան այս կառույցը քանդել են վերջերս. Ֆեյսբուքով իմացա, գնացի աչքովս տեսնելու, տեսարանը ցավոտ էր ինձ համար։ Քանդել էլ կա, քանդել էլ...

Ատամնավոր քիվերը և այլ մանրամասներ անխղճորեն շպրտված են իրար վրա, ոնց որ բարբարոս ցեղեր անցած լինեն տարածքով։

Լավ ես հասկանում եմ, որ կարողա նախորդ իշխանությունների որոշումների հետևանքներն են, բայց միթե հնարավոր չի դրա դեմն առնել։ Ես հասկանում եմ, որ ինչ֊որ մարդկանց համար էդքան էլ մշակութային արժեք չէր էս շենքը... լավ ասենք թե այլընտրանք չկար ու պիտի քանդեին, բայց միթե մի սրտացավ մարդ չի եղել ամենավերին օղակներից մինչև վերջին բանվորը, որ էդ քարերը անվնաս ու շնորհքով տեղավորեր, համարակալեր, առանձնացներ... հարգեր անցյալը։

Մարդիկ էլ կարողա լինեն ասեն, որ հուշարձան չէր էս շենքը, լավ էդ մարդիկ պիտի հասկանան, որ հուշարձանը ցանկի մեջ լինել֊չլինելով չի որոշվում, այլ իր մշակութային էությամբ, իր պատմությամբ, իր մեջ հուշեր պահպանելու զորությամբ։

Ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ՝ պաշտպանում, բայց սիրտս՝ ճաք...

Սև֊սպիտակ լուսանկարը և ներքևի նկարագրությունը Tigran Amiryan-ի էջից։

Իմ 2017 թվ-ին արած լուսանկարները ու մեր Firdus: The Memory of a Place / Ֆիրդուս. տեղի հիշողությունը գրքի Andrey Ivanov-ի հոդվածից մի պարբերություն.

Փողոցի անկյունում՝ ուղիղ կարմիր գծի երկայնքով, համեստ չափերի ու ճարտարապետական առումով որակյալ մի տուն կտեսնեք՝ սև տուֆից ճակատով, որում կիրառված են հայկական քաղաքային վերնակուլյարի բոլոր արքետիպերը՝ հարթ մշակված, իրար կիպ մոտեցրած տուֆային բլոկներից շքամուտքի պատ, բացվածքների դեկորատիվ շրջանակ, ճշգրիտ պրոֆիլավորված քիվ: Վարպետը (վերնակուլյար ճարտարապետության դեպքում կարելի է տան գլխավոր կառուցողին անվանել «վարպետ»՝ բառի միջնադարյան իմաստով՝ նկատի չունենալով արհեստավարժ ճարտարապետի) հաջողությամբ ներառել է տունը փողոցի և տարածքի կոնֆիգուրացիայում, նրբորեն արտահայտել է ֆասադի հիմնական իմաստային շեշտադրումները՝ դուռն ու պատուհանները, ընդգծել է անցումը տնից դեպի երկինք համեստ, բայց արժանապատիվ կլասիցիստական քիվով, իսկ տան և գետնի հարաբերությունը՝ ավելի կոպիտ, բայց նորից մանրակրկիտ մշակված (կարծես թե բազալտե) հիմքով: Տունը տանիք չունի, դուռը փակված է տուֆե պատով, բայց ամեն ինչ վերականգնելի է, և այս տան օրինակով միջավայրային կառուցապատման արվեստ կարող են սովորել ժամանակակից քաղաքաշինարարներն ու տուն կառուցողները, և ոչ միայն Երևանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ