News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն երեք ամիս շարունակ Հայաստանը ներքաշված է համաճարակի դեմ պայքարում. մեր երկրի համար այս շրջադարձային պահին բոլորս պետք է անենք առավելագույնը հնարավորինս քիչ վնասներով մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Առաջինը ինչ մենք կարող ենք եւ պարտավոր ենք անել՝ միջազգային փորձն ուսումնասիրելը եւ հաջողած պետություններից դասեր քաղելն է թե՛ հակահամաճարակային, թե՛ տնտեսական միջոցառումների առումով, քանի որ եթե ուշադրություն չդարձնենք տնտեսական ճգնաժամում հայտնված ոլորտներին, կկորցնենք այսքան տարվա ջանքով եւ եռանդով ստեղծված ընկերություններն եւ աշխատատեղերը, որոնք այլեւս երկար տարիներ չենք կարողանալու հետ վերադարձնել։

Կուզեինք եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Հայաստանում թերեւս ամենաշատը տուժած ոլորտին՝ ներգնա տուրիզմին, այդ թվում հյուրանոցներին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, զբոսավարներին եւ այս բազմաշերտ ոլորտի այլ ներկայացուցիչներին։

Լավատեղյակ լինելով հյուրանոցային ոլորտին՝ փորձենք ներկայացնել այստեղ տիրող իրավիճակը, որը կարելի է բնութագրել որպես ծայրահեղ ծանր։

Արդեն երեք ամիս շարունակ զրոյական եկամուտ ունեցող ոլորտը, վերջնականապես հուսալքվելով, սկսել է անել մասսայական կրճատումներ իր աշխատակիցների շրջանում, տեղ- տեղ անգամ հեռացնելով ամբողջ անձնակազմը եւ վերապրոֆիլավորելով հյուրանոցները բացարձակ այլ նպատակների, այդպիսով անվերադարձ պակասեցնելով Հայաստանում առկա սահմանափակ համարային ֆոնդը։

Այս իրավիճակը դեռ երեք ամիս առաջ մեր ոլորտի մասնագետները կանխատեսել էին եւ բազմիցս կիսվել իրենց մտավախությամբ ՀՀ Կառավարության պատկան մարմինների, այդ թվում՝ Զբոսաշրջության Կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վարչապետի աշխատակազմի հետ, բայց ապարդյուն։

Հասկանալով ճգնաժամի խորությունը եւ արագ գործելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի մասնագետներով ուսումնասիրեցինք մեր ոլորտին օգնելու համաշխարհային փորձը՝ ամենակարեւոր եւ անհրաժեշտ լուծումների փաթեթ կազմելու եւ այն ՀՀ Կառավարությանը փոխանցելու նպատակով։

Ուսումնասիրելով ավելի քան քառասուն երկրի, այդ թվում՝ մեր հարեւան պետություններից Վրաստանի տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների փորձը, առանձնացրեցինք այն միջոցառումները, որոնք կիրառվել են ուսումնասիրված բոլոր կամ գրեթե բոլոր երկրներում։

Այդ լուծումների մանրամասն նկարագիրը կարելի է գտնել մեր Ասոցիացիայի կողմից հրապարակված բաց նամակում։ Հիշեցման կարգով, եւս մեկ անգամ ներկայացնենք դրանք՝

- Ազատել զբոսաշրջային ոլորտում գործող ընկերություններին (հյուրանոցներին, հյուրատներին, տրանսպորտային ընկերություններին, տուրիստական գործակալություններին եւ այլոց) բոլոր հարկային պարտավորություններից եւ պարտադիր վճարներից, որոնք առաջացել են եւ կառաջանան 2020թ․ մարտի 1-ից մինչեւ 2021թ․ ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում,

- 2020թ․ մարտ, ապրիլ եւ արդեն մայիս ամիսների համար կատարված վճարումները ընդունել որպես կանխավճար,

- 2020թ․-ի մայիսից սկսած սուբսիդավորել սույն ընկերություններում մարտի 16-ի դրությամբ գրանցված աշխատակիցների աշխատավարձի առնվազն 50%-ը մինչեւ ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչեւ 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,

- 2020թ․-ի մայիսից սկսած սուբսիդավորել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչեւ ապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը, անհրաժեշտության դեպքում մինչեւ 2021թ․ ապրիլի 30-ը ներառյալ,

- 2021թ․ մայիսի 1-ից գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ զբոսաշրջային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը եւ ապահովելով արագ վերականգնում եւ ոլորտի հետագա աճի հնարավորություն։

Հաշվի առնելով ՀՀ Կառավարության դանդաղ եւ մեր ոլորտում ստեղծված իրավիճակին ոչ համաչափ արձագանքը, պարզ է դառնում, որ խնդիրը չի լուծվում եւ շարունակելու է խորանալ՝ բերելով անդառնալի հետեւանքների։

Հակահամաճարակային պայքարի ձախողման պատճառով Հայաստանը հայտնվեց այնպիսի իրավիճակում, որ բոլոր այն երկրներում, որոնց հետ Հայաստանն ունի ցամաքային սահման կամ որտեղից մինչ այդ գործում էին թռիչքներ, հիմա գտնվում են համաճարակային անհամեմատ ավելի բարվոք իրավիճակում։ Այդ երկրները այսուհետ կխուսափեն բացել Հայաստանի հետ սահմանը եւ վերսկսել թռիչքներ, քանի որ դա լի է իրենց համար ռիսկերով։

Թարմ օրինակ է Վրաստանի արգելքը Հայաստանից եկող տուրիստների համար։ Այս փաստը ցույց է տալիս, որ մինչեւ Հայաստանը չհաղթահարի համաճարակի ալիքը եւ չնվազեցնի վարակման ռիսկը առնվազն դեպի մեր երկիր տուրիստական հոսքեր ապահովող գլխավոր երկրների (Եվրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան) մակարդակի, այդ երկրները չեն թույլ տա իրենց բնակչության մուտքը Հայաստան։ Սա կատարելապես կոչնչացնի առանց այն էլ ավիրված զբոսաշրջային ոլորտը։

Դեռեւս մայիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի Նախարարի հետ տեղի ունեցած հանդիպմանը` հնչեցրել ենք ոլորտի կարծիքն այն մասին, որ մեր երկրի համաճարակային ճգնաժամը տեսնելով, այլ երկրները նախապատվություն չեն տա մեզ հետ սահմանը բացելուն եւ կոշտ կերպով փակ կպահեն մեզ հետ սահմանը կամ լավագույն դեպքում պաշտոնապես կհորդորեն իրենց քաղաքացիներին չայցելել Հայաստան՝ վարակման բարձր ռիսկից ելնելով։

Եւ ընդամենը երկու շաբաթ անց սկսեցինք բախվել դաժան իրականությանը՝ Վրաստանը պաշտոնապես հայտարարեց, որ չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ մենք համարվում ենք այսպես ասած «կարմիր գոտի»։ Եթե Վրաստանի պես երկիրը, որի զբոսաշրջության ահռելի ծավալը ձեւավորվում է Հայաստանից ժամանողների հաշվին, դնում է նմանատիպ արգելք, ապա կարող ենք վստահորեն ենթադրել, որ մնացած բոլոր երկրները առանց երկար մտածելու կանեն նույնը։

Վերջերս Վրաստանի կողմից հնչող՝ օգնության ձեռք մեկնելու կոչերը ուսումնասիրելով՝ կարելի է անգամ եզրակացություն անել, որ հարեւան երկրի կառավարությունը հետաքրքրված լինելով իր երկիր զբոսաշրջային հոսք ապահովելով եւ միեւնույն ժամանակ հույս չունենալով, որ Հայաստանին կհաջողվի միայնակ հաղթահարել համաճարակային ճգնաժամը, պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ օժանդակել մեզ լուծելու մեր երկրի համաճարակային խնդիրը, միայն, թե կարողանա այս ամառվա ընթացքում չկորցնել մեր քաղաքացիների դեպի Վրաստան գնացող եւ իրենց երկրի համար որոշիչ նշանակություն ունեցող, արդեն ավանդական դարձած տուրիստական հոսքը։

Աշխարհի շատ երկրներ, արձանագրելով հաջողություններ համաճարակի դեմ պայքարում, սկսել են միմյանց հետ բացել սահմանները, որը հանդիսանում է ներգնա տուրիզմի վերակենդանացման առաջին քայլը։ Ցավոք սրտի, դատելով օրեցօր ահագնացող վիճակագրությունից, մեր երկիրը դեռ շատ հեռու է նման սցենարից։

Ներկա իրավիճակը կարելի է բնութագրել հետեւյալ կերպ՝ 2020թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս վիճակում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ