
Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին հայտնել է, որ որոշել է անցնել աշխատանքի հեռավար ռեժիմի այն բանից հետո, երբ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նախագահական աշխատակազմի 18 աշխատողների մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Փոխնախագահը եւ ես հեռավար կաշխատենք»,- Twitter-ում գրել է Ջամատեին։
Գվատեմալայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է COVID-19-ով վարակման 7055 դեպք։ Մահացել է, ընդհանուր առմամբ, 252 մարդ, ապաքինվել է 1261 պացիենտ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ էր ճանաչել։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն հայտնաբերվել է վարակման ավելի քան 6,7 մլն դեպք, ավելի քան 397 000 մարդ մահացել է։