News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Թեեւ այս հանգստյան օրերն էլ անաղմուկ չանցան, սակայն շաբաթը սկսվեց էլ ավելի աղմկոտ պաշտոնանկություններով: Նախ հաստատվեցին կիրակի ծագած կասկածները. ազատման դիմում է ներկայացրել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Երեկ տեղի էր ունեցել Դավթյանի որդու բազմամարդ հարսանիքը՝ չնայած պարետի սահմանած արգելքին։ Արարողությունը տեղի է ունեցել Բագրեւանդի առանձնատանը, որին մասնակցել են մի շարք պաշտոնյաներ։ Դավթյանը չի հերքել հարսանյաց հանդեսի փաստը՝ նշելով, թե բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք, նաեւ հորդորել է որոշ մարդկանց ու լրատվամիջոցների չմտնել իր և իր ընտանիքի անձնական տարածք և իրեն չներառել քաղաքական խաղերի մեջ:

Ապա հայտնի է դարձել, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն է ժողով  անցկացրել ԱԱԾ-ում և հայտարարել, թե հրաժարականի դիմում է գրել: Արդեն այդ պահին հայտնի էր, որ նրան փոխարինելու է ԱԱԾ պետի նորաշնաշակ տեղակալ Արգիշտի Քյարամյանը, որի 29 տարին լրացել է շաբաթներ առաջ, նույնքան ժամանակ առաջ էլ նշանակվել էր ԱԱԾ փոխտնօրեն:

Քիչ անց էլ պարզվել է, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն է հրաժեշտ տալիս պաշտոնին։ NEWS.am-ին նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր ստացել են վարչապետի առաջարկը՝ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Այնուհետեւ Հայաստանի քաղաքացիները Ֆեյսբուքից տեղեկացան, որ վարչապետը նոր նշանակումներ է արել ուժայիններում: Մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել, սոցհարթակում գրել է Նիկոլ Փաշինյանը: Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ, գրել է նա: Այս վերջինն, ըստ մամուլի, Փաշինյանի դասարանցին է։

Վարչապետին «կանգ առի» հերթական ուղերձն է հղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլոր ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Կանգ առ, Նիկոլ»,- կոչ է արել Արթուր Վանեցյանը:

Այսօր, սակայն, վարչապետը կայացրել է պաշտոնանկության եւս մեկ որոշում: Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Մարատ Բադալյանին:

Հետո տարածվել է պաշտոնանկության եւս մեկ լուր․ վարչապետի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ 

Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չպիտի հակասեն վարչապետի ուղերձներին,  պարետատան նիստին հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով ուժային ղեկավարների պաշտոնանկություններին։ Նրանցից Արման Սարգսյանին եւ Էդուարդ Մարտիրոսյանին նա շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի   համար։

Նախորդ օրերի համեմատ երկուշաբթի Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քիչ, 195 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 13325-ի: Այս պահին բուժվում է 8943 մարդ: Մահերի թիվն ավելացել է 11-ով եւ հասել  211-ի: Ի դեպ, թեստավորման լաբորատորիան ախտահանման առիթով քիչ է աշխատել, ինչով էլ պայմանավորված հետազոտության արդյունքները  ավելի պակաս են:

Իսկ կիրակի կորոնավիրուսով վարակվելու հերթական հակառեկորդն էր գրանցվել. 766 դեպք: Մահերի թիվն ավելացել էր 10-ով:

Մեկ միլիոն բնակչին բաժին ընկնող վարակակիրների թվով Հայաստանն աշխարհում 20-րդ տեղում է հայտնվել: Երկիրը հունիսի 5-ին այս ցուցանիշով աշխարհում 22-րդն էր, իսկ հունիսի 3-ին՝ 28-րդը: Այս ցուցանիշով առաջին երեք տեղերում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը: Սակայն, Սան Մարինոյի եւ Վատիկանի բնակչության թվաքանակը շատ փոքր է, մասնավորապես Սուրբ աթոռում 12 վարակակիր է եղել եւ բոլորն էլ ապաքինվել են:

Երկուշաբթի պարզվել է նաեւ, որ վարչապետ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանը բացասական է։ «Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Վերադառնում եմ լիարժեք աշխատանքի», գրել է Փաշինյանը։ Քաղաքական դեմքերին հետաքրքրել է հանգամանքը, ինչպե՞ս է 14 օր պահանջող բուժումն ավարտվել մեկ շաբաթում։

Հիվանդանոցները սեւերի ու սպիտակների բաժանելու սկանդալ էր պայթել կիրակի.  Պետական Բժշկական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մարտից Համալսարանական 1-ին կլինիկականում հատուկ covid-բաժանմունքը ԴԱՏԱՐԿ Է մնացել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտից կլինիկան կարող էր բուժօգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհիմնարկների», գրել է Արծրունին։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, շեշտելով, որ պատասխանում է երգահան Արծրունուն, նշել է, թե առաջին անգամ չէ, որ բժշկական համալսարանի ներկայացուցիչները ոտք են գցում նախարարությանը: Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, գրել է նա։

Հայաստանում հայտնի քաղաքական շրջանակները ցանկանում են, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը վատ լինի, պարետատան նիստին հաջորդող ճեպազրույցում հայտարարել է երկրի վարչապետը։  Սակայն, ըստ Փաշինյանի, նրանք կավարտվեն կորոնավիրուսի հետ միասին։ 

Քննարկել ենք այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում ենք քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր այն պատասխանատուներին, որոնք ձախողել են համավարակի դեմ, լրագրողներին ասել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Առանց կորոնավիրուսի ախտորոշման թեստի բացասական արդյունքի Արցախ մուտքն արգելել է հայկական երկրորդ հանրապետության նախագահը: Արայիկ Հարությունյանը հստակեցրել է, որ նրանց համար, ովքեր չեն կարողանա այդպիսի տեղեկանք ներկայացնել, հենց կսկիչ անցակետերում կանցկացվի արագ թեստ, եւ միայն բացասական արդյունքի դեպքում կթույլատրվի մուտքը Արցախ:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։ «Երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվեց Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի  քրեական հետապնդումը եւ շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի նա արդարցվեց։ Ցավակցում ենք ՀՔԾ-ին եւ դատախազությանը»,- գրել է փաստաբանը։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն է  անցած տարվա մայիսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրել:

Եթե դատարանը հետեւություններ արած լինի, որ քրեական գործի հարուցումը եւ դատավոր Գրիգորյանին մեղադրանք առաջադրելն անօրինական են եղել, ինչն իրականում այդպես է, նշանակում է, որ գործը նրանից վերցնելը եւ դատավոր Դանիբեկյանին փոխանցելը եւս եղել է ապօրինաբա»,- Yerevan.today-ին ասել է երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելացրել է, որ եթե դատարանի որոշումը մեկ այլ հիմքով է, պետք է քննարկել եւ հետեւություն անել:

Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Ըստ Telegram-յան Baza ալիքի՝ արտիստն  ինսուլտ է ստացել։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ջիգարխանյանն իրեն լավ չեր զգում։ Աղմկոտ ամուսնալուծության ֆոնին սթրեսի պատճառով նրա մոտ առողջական խնդիրներ էին սկսվել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով ն կազմել է 481.42 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.33 դրամով ու կազմել  543.67 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.71 դրամով  ու հասել  610.15 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու հասել  7.06 դրամի։

Հունիսի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը +31 +33 աստիճան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ