
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը մոտ մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության շրջանում, հայտնում է Gazeta-ն՝ հղում անելով KCNA գործակալությանը։
Նա միջուկային պատերազմի զսպման քննարկման հարցով հանդիպում է անցկացրել։
Ընդ որում, հյուսիսկորեացի առաջնորդը իր համար անսովոր հագուստ է ընտրել՝ սպիտակ վերնաշապիկ եւ սպիտակ կոստյում՝ մոխրագույնի կամ սեւի փոխարեն։
ԿԺԴՀ ղեկավարը բարձր տրամադրություն է ունեցել եւ ժպտացել է։
Մինչ այդ, ապրիլի 25-ին, Հոնկոնգի ԶԼՄ-ները հաղորդել էին Կիմ Չեն Ընի մահվան մասին: Ըստ որոշ տեղեկությունների, նա մահացել էր սրտի վիրահատությունից հետո, որն անհաջող էր անցել: Դրա պատճառն իբր այն էր, որ վիրաբույժի ձեռքերն ուժեղ դողացել էին:
Ավելի ուշ Բարեկամության կորեական ասոցիացիայի ղեկավար եւ ԿԺԴՀ մշակութային կապերի հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ալեխանդրո Կաո դե Բենոսը Հյուսիսային Կորեայի ղեկավարի մահվան մասին լուրերը կեղծ էր անվանել:
Նաեւ մեկ օր անց The Guardian- ը, վկայակոչելով արբանյակային տվյալները, գրել էր Հյուսիսային Կորեայի արեւելյան ափին գտնվող առողջարանային քաղաքում գնացքի հայտնաբերման մասին, որը կարող էր պատկանել Կիմ Չեն Ընին: