Պողպատի եվրոպական արտադրողները ԵՄ-ին կոչ են արել կրճատել ներկրման քվոտաները՝ նախազգուշացնելով, որ մատակարարումների պոտենցիալ հոսքը կարող է սպառնալ ոլորտին, որն արդեն շատ է տուժել կորոնավիրուսի համավարակից, հայտնում է Reuters-ը։
Իրենց հայտարարության մեջ արտադրողները քննադատության են ենթարկել պաշտպանական միջոցների կարգավորման վերջին առաջարկությունները, որ ԵՄ-ն արել էր 2018-ին։ Այդ միջոցառումներն ուղղված էին Եվրոպա վերաուղղված մատակարարումներից պաշտպանվելուն՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը 25 տոկոսանոց մաքսատուրքեր էր սահմանել պողպատի համար։
«Եվրոպական պողպատաձուլական արդյունաբերության գոյատեւումը ենթարկված է հետագա լուրջ ռիսկի, քանի որ պողպատի հանդեպ պաշտպանական միջոցների վերանայման մասին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը հաշվի չի առնում պահանջարկի կտրուկ անկումը»,- ասվում է նամակում, որ տարածվել է ոլորտային Eurofer խմբի կողմից։
Պողպատի պահանջարկը մարտից ընկել է 50%-ով, իսկ եվրոպական պողպատաձուլական ոլորտում զբաղված աշխատողների 40%-ն ուղարկվել է անժամկետ արձակուրդ կամ ոչ լրիվ օր է աշխատում, ասվում է հայտարարության մեջ։
«Մենք պահանջում ենք անտուրք քվոտաներ, որոնք կարտացոլեն շուկայի իրական վիճակը»,- ասվում է հաղորդագրությւան մեջ։
Հայտարարությունը ստորագրել են համաշխարհային խոշորագույն պողպատաձուլական ընկերությունների, այդ թվում՝ ArcelorMittal-ի, Tata Steel-ի, ThyssenKrupp-ի եւ Salzgitter-ի ղեկավարները։