News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, ով առաջադրվել էր այս պաշտոնի համար իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից, երբեք չի մասնակցել դատարանի աշխատանքներին, սակայն կանոնավոր կերպով աշխատավարձ է ստացել եւ օգտվել է ծառայողական ավտոմեքենայից: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական ​​բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցերին, ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Ըստ խորհրդարանականի՝ հունիսի 7-ին լրացավ մեկ տարին, ինչ Վահե Գրիգորյանը զբաղեցնում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:
«Այս ընթացքում նա չի մասնակցել Սահմանադրական դատարանի աշխատանքներին, սակայն 793 հազար դրամ աշխատավարձ է ստացել, օգտվել է ծառայողական ավտոմեքենայից եւ դրա համար վառելիք է ստացել: Տարվա ընթացքում նա ընդհանուր 15 միլիոն դրամ է ստացել»,- ընդգծեց պատգամավորը:

Կոստանյանը խնդրեց հաստատել իր ներկայացրած տվյալները՝ ընդ որում հայտնելով, որ շուտով համապատասխան հայց կուղարկի ՍԴ: Իր հերթին, Ղազարյանը նշեց, որ ֆինանսների մասով նա կպատասխանի գրավոր հարցմանը՝ թվերում չսխալվելու համար, բայց հաստատեց Գրիգորյանի՝ ՍԴ-ի աշխատանքներին չմասնակցելը:

«Պաշտոնը ստանձնելուց հետո դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցել Սահմանադրական դատարանի որեւէ նիստի, չի ներգրավվել դատական ​​կազմում, դատարանին չի ներկայացրել զեկույցներ իրեն ուղարկված դատական ​​գործերի նախաքննության արդյունքների վերաբերյալ: Նա նաեւ չի զբաղվել որոշումների նախագծերի եւ գործերի վերաբերյալ այլ նյութերի նախապատրաստմամբ, որոնցով զեկուցող կամ համազեկուցող էր նշանակվել: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն վճարվել է ժամանակին, եւ աշծատակազմն այլ լիազորություններ չունի: Մի քանի անգամ Գրիգորյանին պարգեւավճարներ են դուրս գրվել, սակայն պարգեւավճարներ են ստացել սահմանադրական դատարանի բոլոր դատավորները: Ընդ որում, հետագայում, ՍԴ նախագահի որոշմամբ, դատարանի աշխատանքներին չմասնակցելու պատճառով Գրիգորյանին պարգեւավճարներ այլեւս չեն տրվել»,- ասաց Ղազարյանը:

Նա նաեւ նշեց, որ Գրիգորյանն ապահովված է անհրաժեշտ գույքով, կապի միջոցներով, ծառայողական ավտոմեքենայով եւ գրասենյակով:

Խոսելով Սահմանադրական դատարանում պարգեւավճարների մասին՝ Ղազարյանը նշեց, որ նախկինում դրանց համար նախատեսված էր աշխատավարձերի մոտ 30 տոկոսը: Ընդ որում, վճարումներն իրականացվել են 28.6 տոկոսի չափով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ