News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի տնտեսությանը 2020թ․ ՀՆԱ-ի 10% անկում է սպասում, ինչպես նաեւ միլիոն աշխատատեղերի կորուստ: Նման մռայլ պատկեր է ներկայացրել Ֆրանսիայի բանկը՝ հունիսի 9-ին հրապարակած երկարաժամկետ տնտեսական կանխատեսման մեջ: Ֆրանսիայի Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ երկրի տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակին կվերադառնա ոչ շուտ, քան 2022-ի կեսերին: Գործազրկությունը կարող է բարձրանալ պատմականորեն ռեկորդային՝ աշխատունակ բնակչության 11,5%-ի մակարդակի, հայտնում է RFI-ը:

Ընթացիկ տարում, ըստ Կենտրոնական բանկի տնտեսագետների, Ֆրանսիայի տնտեսությանը սպասում է ՀՆԱ-ի 10% անկում: Երկրի կառավարությունն իր կանխատեսմամբ ավելի քիչ «լավատես է»՝ բյուջեի փոփոխություններում, որոնք կներկայացվեն հունիսի 10-ին, նշվում է ՀՆԱ-ի 11% անկում:

Տնտեսությունը պետք է վերականգնվի ծայրահեղ ցածր մակարդակից, նշում է Ֆրանսիայի բանկը: Համընդհանուր խիստ կարանտինը Ֆրանսիայում գործել է մարտի 17-ից մինչեւ մայիսի 11-ը: Մարտին տնտեսական ակտիվությունը կրճատվել է 32%-ով, ապրիլյան անկման տվյալները 27% են: Մայիսին, երբ սկսվեց տնտեսական գործունեության շատ տեսակների վերականգնումը, անկումը արդեն 17% էր: Հունիսին Ֆրանսիայի բանկը ակնկալում է 12% վնասով հետագա վերականգնում` նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատությամբ:

Վիճակագրության INSEE ազգային ինստիտուտի գնահատականներով՝ առաջին եռամսյակում Ֆրանսիայում տնտեսական անկումը կազմել է ՀՆԱ-ի 5,3%, երկրորդ եռամսյակում այն կարող է հասնել 20%-ի: Երկրորդ եռամսյակի համար Ֆրանսիայի բանկի կանխատեսումը ավելի լավատեսական է` ՀՆԱ-ի 15% անկում:

Ֆրանսիայի բանկը կանխատեսում է 7% տնտեսական աճ՝ 2021թ․ համար եւ 4%՝ 2022թ․ համար, երբ տարվա կեսին տնտեսությունը կարող է հասնել նախաճգնաժամային մակարդակի:

Ինչպես նշում են ֆինանսիստները, վերականգնումը մեծապես կախված կլինի ներքին սպառման աճի դինամիկայից: Կարանտինի ընթացքում ֆրանսիացիները իրենց խնայողությունները ավելացրել են 100 միլիարդ եվրոյով: Այս տարի Ֆրանսիայի բանկն սպասում է սպառման ավելի քան 9 տոկոսով անկում: Իսկ ձեռնարկություններում ներդրումների ծավալը կարող է կրճատվել 23%-ով:

Աշխատատեղերը փրկելու համար Ֆրանսիայի իշխանությունները աննախադեպ չափով օգտագործել են ժամանակավոր (կամ մասնակի) գործազրկության մեխանիզմը, որը ձեռնարկություններին բյուջեից փոխհատուցում է աշխատողների հարկադիր պարապուրդի համար (որոնք շարունակում են գանձապետարանի հաշվին ստանալ «մաքուր» աշխատավարձի 84%-ը):

Չնայած զբաղվածությանն աջակցելու այս միջոցառումներին, Ֆրանսիայի Բանկը կանխատեսում է տնտեսության 1 միլիոն աշխատատեղի կրճատում: Հաջորդ տարվա կեսին գործազրկության մակարդակը կարող է բարձրանալ մինչեւ 11,5 կամ նույնիսկ մոտ 12% (նախաճգնաժամային 7,8%-ից):

Գործազրկությունը 10 տոկոսից ցածր (9,7%) մակարդակի կարող է վերադառնալ 2022-ից ոչ շուտ, նախազգուշացնում է Ֆրանսիայի բանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ