News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ի ուշ երեկոյան բռնկած եւ կեսգիշերն անց մարված հրդեհից մոխրացել է Գյումրիի Շիրակշին 3-րդ բանավանի երկհարկանի բնակելի շինությունը, որի բնակիչ Վլադիմիր Հարոյանն ընտանիքով տեղափոխվել է ավտոտնակ եւ միայնակ մնացել իր հոգսերի հետ: Վ․ Հարոյանը NEWS.am-ին պատմել է, որ իրենք դեպքի պահին տանը չեն եղել, հրդեհը նկատել են հարևանները, որոնք էլ շտապ ահազանգել են, անհանգստանալով իրենց համար, քանի որ դռան թակոցներն անարձագանք են մնացել, այնուհետեւ օգնել են հրշեջներին, բայց տունը փրկել չի հաջողվել։

«Դեպքի օրը, իրավապահ մարմինների հետ փորձել եմ մոտավոր հաշվարկներ կատարել թե որքան վնաս եմ կրել, կոպիտ հաշվարկներով՝ մոտավորապես 3-3,5 միլիոն դրամի, բայց եթե ավելի մանրամասն հաշվարկեմ կգերազանցի 7 միլիոնը․ այրվել է թանկարժեք գույքը և տեխնիկան», ասել է Վլադիմիր Հարոյանը:

40-ամյա Վլադիմիրը էլեկտրիկ է եւ համոզված է, որ հրդեհի միակ պատճառ էլեկտրալարերի կարճ միացումն է, եւ ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումներով պայմանավորված, քանի որ դրանք  վերջին ժամանակներում պարբերական բնույթ են կրել:

Հրդեհից հետո, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչները եղել են իրենց տանը, և ուսումնասիրություններից հետո  բացառել էլեկտրալարերի կարճ միացման հնարավորությունը, սակայն ինքը կառույցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը պնդել է, որ հրդեհը հոսանքի  տատանումների և կարճ միացման հետեւանք է եղել:

Նշենք, որ ընտանիքն ապրում էր տնակում, բայց անօթևանի կարգավիճակ չուներ։ Այժմ Վ․Հարոյանը դիմել է քաղաքային ու մարզային իշխանություններին, օգնության խնդրանքով, որպեսզի օգնեն ձեռք բերել գոնե երկու սենյականոց բնակարան։

«Դիմել եմ բոլորին, սպասում եմ պատասխանի, ոչ ամռան ամիսներին է հնարավոր ապրել ավտոտնակում, ոչ էլ ձմռանը: Իսկ ես նվազագույն աշխատավարձով չեմ կարող բնակարան ձեռք բերեմ, հույսս միայն իշխանություններն են», ասել է Վ.Հարոյանը:

Հիշեցնենք, Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն: Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։

 

Տպել
Ամենաշատ