News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սեւանա լիճն այս տարի նորից կանաչելու է։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Մենք որոշ ժամանակ անց արդեն նկատում ենք որոշակի նման տենդենցներ եւ կունենանք կանաչելու երեւույթը։ Թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի եւ ինչքան կտեւի, ես կդժվարանամ պատասխանել, դա մասնագետները կգնահատեն»,- ասաց մարզպետը։

Հարցին՝ այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել, եւ լրագրողի դիտարկմանը, որ ասվում է՝ ապօրինի կամ օրինական մի շարք օբյեկտներ կան, որոնց կոյուղաջրերն են լցվում լիճ, մարզպետը հարցին հստակ պատասխանելու համար սկսեց աղբահանությունից.

«Երբ ես նշանակվեցի մարզպետ, մարզի 26 համայնքում կար ընդամենը կենտրոնացված աղբահանություն, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։ Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ։ Մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սեւանա լիճ եւ եթե ընդհանուր նայենք, որ համայնքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում, մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»։

Լրագրողը պատմեց մարզպետին, որ մի բնակչուհի 100 կիլոգրամ ձուկը չգիտեր՝ ինչ անել եւ մարինացրել էր, մարզպետն ասաց. «Կիլկի սարքելը օգտակար է, հատկապես Սեւանա լճի ձկնամթերքն էկոլոգիապես մաքուր սնունդ է, բայց այդ ամենը պետք է կարգավորել օրինականության շրջանակներում։ Մենք ոչ թե ընդհանրապես պետք է արգելենք ձկան որսը, այլ այդ ձկան որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին»։

Անդրադառնալով ձկնագողության դեմ պայքարին՝ Սանոսյանն ասաց. «Մենք ունենք համայնքներ, որոնք զբաղվում են ձկնորսությամբ։ Այն կարծիքին եմ, որ, այո, այդ մարդիկ կարող են շարունակել զբաղվել ձկնորսությամբ։ Բայց քանի որ այդ լճում գտնվող ձկնապաշարները պետական ռեսուրս են եւ բոլորիս ռեսուրսն են, ուստի պետությունը պետք է հստակ խաղի կանոններ դնի։ Խաղի կանոնները երկուսն են. երբ բռնել եւ ինչ չափի ձուկ։ Պետք է հստակ դրվի, թե ցանցերի ինչ չափերով պետք է ձուկ որսել եւ երբ, որպեսզի ձվադրման շրջանում ձկնորսություն չունենանք։ Ցավոք, մեզ դա դեռ չի հաջողվել եւ այս պահին ունենք տարբեր պատճառներով մանրաձկան որս»։

Հարցին՝ ով է թերացողը այդ հարցում, մարզպետն ասաց. «Բոլորս, գուցե ես։ Առաջին պատասխանատուն «Սեւան» ազգային պարկն է։ Բնապահպանական խնդիրների, իրավական խախտումների գլխավոր արձանագրողը Բնապահպանական տեսչությունն է, պատժողը՝ իրավապահ համակարգը»։

Տպել
Ամենաշատ