
Գերմանիայի Կուկսխաֆեն քաղաքում գտնվող Sahlenburg լողափային հյուրանոցը հայտնել է, որ ավելի քան 130 կգ քաշ ունեցող հյուրերի ժամանումն իրենց մոտ անցանկալի է, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Հյուրանոցի սեփականատեր Անգելիկա Հարգեսհայմերը հայտարարել է, որ հաստատությունում տեղադրված է թանկարժեք դիզայներական կահույք, որը կարող է կոտրվել ծանր քաշից: Որպես օրինակ՝ նա բերել է այն դեպքը, երբ մահճակալը կոտրվել է այդպիսի հյուրի տակ, եւ դրա վերանորոգումը հաստատության վրա կլորիկ գումար է նստել: Հարգեսհայմերն ասել է, որ ինքը չի ցանկանում որեւէ բան փոխել, եւ հանգիստ առանց հյուրերի որոշակի խմբի էլ կաշխատի:
Նման դիրքորոշման հետ չի համաձայնել Բրեմենի համալսարանի գենդերային խտրականության հարցերով պրոֆեսոր Ֆրիդրիխ Շորբը: Նրա խոսքերով՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար նոր սահմանափակումները կհանգեցնեն նրանց ավելի մեծ մեկուսացմանը, եւ նրանց համար էլ ավելի բարդ կլինի նիհարելու մոտիվացիա գտնել: Սրա հետ կապված՝ նա առաջարկել է փոփոխություններ կատարել խտրականության մասին Գերմանիայում գործող օրենքում: Միաժամանակ, մասնագետները նշում են, որ հյուրանոցի վրա ազդեցության իրավական լծակներ չկան, քանի որ խտրականության դեմ օրենքում որեւէ բան չի ասվում ֆիզիկական ցուցանիշներով խտրականության, այդ թվում` ավելորդ քաշի մասին: