News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քաղաքականությունը թիմային աշխատանք է եւ շատ նորմալ է, որ թիմով պետք է որոշումներ կայացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ականներն ասում են, որ իշխող ուժի ներկայացուցիչները ամբողջ թիմով քարկոծում են ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին:

Ինչ վերաբերում է քննադատությանը, թե իշխանության կողմնակիցները «լկտիության սահմաններն անցնում են», մարզպետն արձագանքեց. «Շատ կներեք, բայց խմբակային բռնաբարություն եւ կողոպուտ իրականացրած անձի անցյալը հիշեցնելու մեջ լկտիության նշույլ անգամ չկա: Կարծում եմ՝ քաղաքացիները սրա մասին ավելի շուտ պետք է տեղյակ լինեին եւ դրա մասին խոսեին հենց ԲՀԿ-ականները»:

Նա չցանկացավ պատասխանել հարցին՝ Գագիկ Ծառուկյանն օլիգարխ է, թե ոչ. «Այս պահին օլիգարխիա չկա: Օլիգարխիան այն գործարարն է, որն ազդեցություն ունի իշխանության թեւերի վրա կամ սերտաճած է: Այս պահին նման դեպք չունենք»:

Անդրադառնալով ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման օրենքին Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Կարծում եմ՝ մեր մարզի բոլոր նախկին պաշտոնյաները անհանգստանալու առիթ ունեն այս օրենքի ընդունման հետ կապված»:

Անդրադառնալով պնդումներին, թե իշխանություններն այլեւս չեն վայելում հանրության վստահությունը, մարզպետն ասաց. «Երբ ես ի պաշտոնե շրջում եմ մեր համայնքներում, ես տեսնում եմ, որ  իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը վայելում են մեծ հեղինակություն, մեծ հույսեր է կապում: Բացի հույսերը, տեսնում է մեծ աշխատանքներ, մեծ փոփոխություններ, իսկ ընդդիմադիրներին շատ վատ է վերաբերվում»:

Նա նկատեց, որ ընդհանրապես, ԲՀԿ-ն մեր քաղաքական կյանքում ունեցել է շատ բացասական դերակատարություն, եղել է կեղծ ընդդիմություն, եղել է կոալիցիոն իշխանություն. «Իրենք չեն կարող իշխանափոխություն իրականացնել, որովհետեւ ԲՀԿ-ն եւ նրա ղեկավարը չեն վայելում ժողովրդի մոտ նման հեղինակություն, որ կարողանան նման ձեւով, նման դիրքերից հանդես գալ»:

Տպել
Ամենաշատ