News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չօգտագործվող հանքախորշում անցած գիշերին շմոլ գազից մահացած երեք երիտասարդ հորեղբոր տղաները զգացել են, որ հանքում գազ է կուտակվել, փորձել են դուրս գալ հանքից։  Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց Մեղրաձորի բնակիչ Գեւորգ Եփրեմյանը, որը մի քանի համագյուղացիների հետ շտապել էր հանք՝ օգնության հասնելով այնտեղ գտնվող երիտասարդներին։

«Տղաս 2–րդ հարկի պատշգամբից տեսել էր, որ հանքի մոտ շտապօգնության եւ ԱԻՆ–ի մեքենաների միգալկեք են միացած, ասաց՝ պապ, այնտեղ շտապօգնության մեքենա կա։ Դե ես էլ հանքափոր եմ, 30 տարի է այդտեղ եմ։ Դուրս եկա, գյուղից էլի տղերք եկան մեքենայով, կանգնեցին, նստեցի ու գնացինք։ Մինչեւ հասանք տղերքից մեկն արդեն մտել էր մի 10 մետր գնացել, տեսել էր, որ այդտեղ են արդեն մահացած ու շուտ դուրս էր եկել։ Մտել ենք՝ Բագրատն էր, մի 4–5 մետր այն կողմ Հայկն էր ընկած, նրան մոտեցրինք Բագրատին, զգացինք, որ արդեն մենք էլ ենք թուլանում։ Դուրս եկա, ԱԻՆ–ի աշխատողներից պարանը վերցրի մտա ներս, գցել եմ թեւատակերով, տվել եմ քաշել հրամանը, հանել են դուրս»,– պատմեց քաղաքացին։

Նրա խոսքով՝ երբ երկրորդ մահացածին են դուրս հանել, զգացել է, որ իրեն լավ չի զգում. «Այդ ընթացքում տղաս է եկել, որ իմացել է ես ներսն եմ, ինքն էլ էր մտել ներս, ու այդպես մյուս բոլոր տղերքը։ Շատ վատ բան կատարվեց։ Ինչ որ նպատակ ունեցել էին, որ մտել էին, թե չէ հենց այնպես ինչու էին մտնում, չգիտեմ, իրենք կիմանային։ Ներսում դվիժոկ էին աշխատացրել, այդ հանքի փորվածքները մյուս հանքերի հետ միացված չեն, որ օդը շրջանառություն կատարի եւ այդ գազը մնացել է ներսում։ Երևի զգացել են, մի 150–200 մետր եկել են, որ դուրս գան, թե չէ աշխատանքի տեղն ընկած կլինեին, ուզել են դուրս գալ, բայց դե արդեն… Դուրս էլ գային, մեկ է չէին փրկվի»։

Քաղաքացին պատմեց նաեւ իրենց՝ օգնության հասած բնակիչների առողջական վիճակի մասին. «Էլի շնորհակալություն Հրազդանի բժշկական կենտրոնի բուժքրոջը, այդ աղջիկը փրկեց համ իմ տղուն, համ էլի մեր ջահելներից։ Ճանապարհի կեսից, մոտ 8 րոպե հետո նոր իմ տղու մոտ զգացվեց, բայց մեկի վիճակն ընդհանրապես վատ էր։ Հիմա բոլորի վիճակը լավ է, մի փոքր գլխացավ ունեն, բայց ընդհանուր լավ են»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։

Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Նշենք, որ մահացած երիտասարդները հանքավայրի աշխատակիցներ են, նրանք, նախնական տեղեկություններով, փորձել են ինքնաշեն միջոցներով մտնել հանքախորշեր և այնտեղից սիրողական մակարդակով հանքաքարեր հանել, ինչի ժամանակ թունավորվել են գազից։

Տպել
Ամենաշատ