News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դատախազության այսօրվա հաղորդագրությունը, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդիների եւ «Մուլտի Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործի մասին, խախտել է նախաքննության գաղտնիքը՝ հրապարակելով գործում առկա ցուցմունքից մի հատված, որն ապացուցված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ Դատախազության հաղորդագրության մեջ կար այսպիսի հատված. «Միջոցներ են ձեռնարկվում նաեւ կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս․Ա-ն 2011թ. 22․401․000 ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով»։

«Այս հայտարարությունն իր մեջ ակնհայտ շոու է պարունակում, որովհետեւ այդ հայտարարության վերջնամասը բավարար է, որպեսզի հասկանանք, որ ֆեյսբուքյան ինչ-որ աժիոտաժ ստեղծելու ցանկություն կա։ Այս ամբողջ մեղադրանքը նկարագրել ու վերջում էլ ասել՝ ««Շահի ոսկիները» բերելու եւ 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով», այսինքն՝ փոխարենը պարզեն դա իրականություն է, թե՝ ոչ, փորձում են սրանով եզրափակել։ Ի՞նչ կարեւորություն ուներ այդ միտքը։ Իրավական առումով, այսինքն՝ պաշտոնական հաղորդագրության մեջ ցուցմունքի նման բովանդակություն մեջբերելու անրաժեշտությունն ո՞րն է։ Եթե Դատախազության նման լուրջ կառույցը այդպիսի պաշտոնական հաղորդագրություն է տարածում, հետո էլ ասում են՝ նախաքննության գաղտնիք. ինչո՞ւ եք ցուցմունքից հատված մեջբերում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով գործով մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք դնելուն՝ Սարգսյանը հայտնեց, որ դա տեղի է ունեցել ապօրինի կերպով. «Դատախազությունը նշում է այն մասին, որ գույքերի վրա դրվել է կալանք։ Աբսուրդ մեղադրանքներն արդեն առկա են, կալանքների միջնորդություններն արդեն ներկայացված են։ Հիմա Դատախազությունը նուրբ շեղում է, թե իբր այս մեղադրանքից հետո է գույքերի վրա կալանք դրվել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում. գույքերի վրա կալանք է դրվել մինչեւ այս մեղադրանքները։ Ինչը նշանակում է, որ ապօրինի կերպով է դրվել։ Գուրգեն խաչատրյանն իր հայտարարությունում արդեն իսկ նշել էր, որ իր, իր եղբոր ու շրջապատի նկատմամբ լինելու են այսպիսի գործողություններ։ Հիմա տեսնում ենք, որ քայլերով առաջ ենք գնում»։

Փաստաբանը շեշտեց, որ բացարձակ անհիմն մեղադրանք է առաջադրվել. «Որոշակի փաստական տվյալներ են ձեռք բերել, որ եղել է քաղաքացիաիրավական գործարք՝ փոխառություն, ընդ որում՝ տոկոսով, ընդ որում՝ ունեն հստակ ապացույցներ, թե այդ գումարն ինչի համար է օգտագործվել, այսինքն՝ կան բոլոր պայմանագրերը։ Այս պահին այդ գումարը վերադարձման ենթակա է եւ դրա վերաբերյալ առկա են կողմերի միջեւ փոխադարձ համաձայնություններ։ Այստեղ իրենք ունեն մի քանի փաստական տվյալ, որ փոխառության մի կողմը հանդիսանում են Խաչատրյանի որդիները, որոնք բիզնես գործունեությամբ են զբաղվում, ունեն, որ փոխառություն տվողը Սեդրակ Առուստամյանն է, որը բիզնես գործունեությամբ է զբաղվում։ Իրենք ենթադրում են, այլ որեւէ ապացույց չունեն եւ չեն էլ կարող ունենալ։ Ենթադրում են, որ եթե Սեդրակ Առուստամյանը փոխառություն է տվել Խաչատրյանի որդիներին, ուրեմն դա կաշառք է»։

Երեմ Սարգսյանը նշեց՝ այս դեպքում ստացվում է, որ Դատախազությունը բիզնես գործունեությամբ զբաղվող 2 կողմերի միջեւ տեղի ունեցած քաղաքացիաիրավական հարաբերությունները դիտարկում է որպես հանցագործություն.

«Եթե Գագիկ Խաչատրյանի որդիները զբաղվելով բիզնես գործունեությամբ՝ բիզնես գործունեությամբ զբաղվող անձի հետ ունենա նման փոխհարաբերություններ, բոլոր գործարքները պետք է դիտարկել որպես կաշառք, ապա նման մեղադրանք կարելի է բազմաթիվ անձանց նկատմամբ առաջադրվել։ Քաղաքացիաիրավական հարաբերությունները դիտարկում են որպես հանցագործություն»։

Սարգսյանն ասաց, որ փաստաբանական թիմն իրենց բոլոր միջնորդություններում ու բողոքներում ներկայացրել է բավականին լուրջ փաստարկներ այն մասին, որ այդտեղ չի կարող խոսք անգամ գնալ կաշառքի մասին, որովհետեւ այն պայմանագրերը, որոնք կազմված են այդ գումարի փոխանցման համար՝ նույնիսկ տույժ-տուգանքներ են նախատեսված. «Ասեմ ավելին, պայմանագրի կողմ են հանդիսանում Գագիկ Խաչատրյանի երկու որդիները, այսինքն՝ ինչպե՞ս են պատկերացնում. կաշառք է, բայց պահանջ է ներկայացվում հակառակ կողմից, որ պարտադիր երկու եղբայրներն էլ փոխառության կողմ լինեն. որ երկուսն էլ հավասարաչափ պատասխանատու են գումարի վերադարձման համար»։

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Առուստամյանը 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք է տվել 2008-2014 թթ ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային եւ մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու եւ այլ նպատակներով, իսկ այդ գումարների հանցավոր ծագումը թաքցնելու համար դրանք փոխանցվել են Գագիկ Խաչատրյանի որդիների մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին։

 

Տպել
Ամենաշատ