News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքի առնչությամբ, երբ 28-ամյա հղի կինը կորցրել էր զույգ պտուղներին, բուժկենտրոնից NEWS.am-ին պարզաբանել են, որ կինն իրենց է դիմել 7-8 շաբաթական հղիության ժամանակ։ Ըստ բժիշկների՝ ունեցել է մեծ հեմատոմա, բուժում է ստացել, 12 շաբաթականում զույգ պտղով հաշվառվել է, 18 շաբաթականում մեկ պտղի պտղաջրերի արտահոսք է դիտվել, ինչի համար պառկեցվել է հղիների պաթոլոգիայի բաժանմունքում, երկու շաբաթ բուժում է ստացել, դուրս է գրվել անփոփոխ՝ առանց պտղաջրի։ Բժիշկների պնդմամբ՝ կնոջը եւ նրա հարազատներին բացատրել են, որ հղիությունը լավ կանխատեսում չունի, բայց քանի դեռ պտուղների սրտի բաբախյուն կա, բժիշկն ուղղակի հետեւելու է ընթացքին։ 23 շաբաթականում ընդունվել է ծննդատուն «առաջին պտուղը հեշտոցում լրիվ բացվածքով»։ Երկու մահացած պտուղ է ծնվել 500 եւ 550 գրամ քաշով։ Ներերակային քնեցում է արվել արգանդի խոռոչի ձեռքային ստուգման համար՝ պարզելու սպիի կամ դեֆեկտի առկայությունը։ Կեսարյան հատում չի արվել, ըստ բժիշկների, մոր կյանքի սպառնալիքի ցուցում չլինելու պատճառով։ Ինչ վերաբերում է մեկ օր առաջ տուն ուղարկելուն, ապա, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հայտնել են, որ երեկ երեկոյան   են կնոջը բերել ծննդատուն, հերթապահ բժիշկը դեղեր է նշանակել, ասելով, որ դրանք կարող է ստանալ թե տանը, թե ծննդատանը։  Կինը, ըստ բժիշկների, հրաժարվել է մնալ ծննդատանը, ասելով, թե տանը փոքրիկ երեխաներ ունի։ 

Հիշեցնենք, որ ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմել է դեպքի նախօրեին բժիշկը նայել ու ասել է, թե ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե դեղերը կարող է ընդունել տանը։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։

Եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։ Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ,- ասել է ծննդկանի քույրը, որը կատարվածում բժիշկներին է մեղադրում։

 

Տպել
Ամենաշատ