
ԱՄՆ դաշնային կառավարության պարտքը երկրի պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 26 տրիլիոն դոլարը, ինչը պայմանավորված է COVID-19-ի համավարակի հետևանքները հաղթահարմանն ուղղված շարունակական ջանքերով: Այս մասին հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պետական պարտքը գերազանցել է 26 տրիլիոն դոլարը: Մայիսի 5-ից այն ավելացել է 1 տրիլիոն դոլարով: Ապրիլի 7-ին այն 24 տրիլիոն դոլար էր կազմում: Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո պետական պարտքն աճել է 6 տրիլիոն դոլարով»,- շեշտել է հեռուստաընկերությունը:
«Ֆինանսների նախարարությունը նշում է, որ պետական պարտքի աճը պայմանավորված է COVID-19-ի համավարակի դեմ պայքարին ուղղվող միջոցների ավելացմամբ եւ համավարակի հետ կապված հարկային մուծումների հետաձգմամբ»,- հավելել է CBS-ն:
Ապրիլի 24-ին Թրամփն օրինագիծ էր ստորագրել գրեթե 500 միլիարդ դոլարի չափով միջոցառումների հաջորդ փաթեթի մասին, որն ուղղված է համավարակի հետեւանքների հաղթահարմանը: Տնտեսության խթանման նախորդ փաթեթը՝ 2 տրիլիոն դոլարի չափով, ընդունվել էր մարտի վերջին: Այժմ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ձգտում են հասնել եւս 3 տրիլիոն դոլարի տրամադրմանը, սակայն Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականներն ասել են, որ չեն աջակցի այս առաջարկությանը:
Ավելի վաղ The Washington Post- ը նշել էր, որ համավարակի պատճառով ամերիկյան կորպորացիաների պետական պարտքերը 2020 թվականին կհասնեն ռեկորդային մակարդակի, ինչը, ինչպես կարծում են փորձագետները, ռիսկեր կստեղծի տնտեսության համար, երբ կորոնավիրուսն ավարտվի: Պարբերականի կողմից արված կանխատեսումների համաձայն՝ այս տարի դաշնային բյուջեի ծախսերը 4 տրիլիոն դոլարով կգերազանցեն եկամուտները:
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների՝ ապրիլին հրապարակված գնահատականների՝ ԱՄՆ-ում պետական պարտքը կորոնավիրուսին հակազդելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2020 թվականին կավելանա ՀՆԱ-ի 131.1 տոկոսի չափով:
Ըստ ԱՄՆ առեւտրի նախարարությանը կից տնտեսական վերլուծության բյուրոյի՝ անցած տարվա վերջին երկրի ՀՆԱ-ն 21.73 տրիլիոն դոլար է կազմել: