News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի։ Այս մասին  պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ կորոնավիրուսով վարակվելու այսօրվա 560-ից ավելի դեպքերը վկայում են, թե ինչպես ենք մենք 7-14 օր առաջ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Անցած մեկ օրում կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 18 մարդ: Առավոտվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու 566 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր թիվը հասել է 14669-ի, նրանցից 5466-ն ապաքինվել է: Այս պահին բուժվում է 8876 մարդ: Մահացածների թիվը հասել է 245-ի:

Հայաստանում կորոնավիրուսից մահացած 18 անձանցից ամենաերիտասարդը 58 տարեկան է, ամենատարեցը՝ 86։ Բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ։  Նախորդ օրն արձանագրվել է մահվան եւս 5 դեպք, երբ մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 82 է:

Կառավարության նիստին նախորդ օրվա վարակակիրների համեմատ նոր դեպքերի ավելացումը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայմանավորել է ավելի շատ թեստեր անելու հանգամանքով: Նա կարեւոր ցուցանիշ է համարել, որ թեստերի 25 տոկոսն է դրական լինում:

Վրաստանը քննարկում է Հայաստանին օգնության հարցը, եւ համապատասխան կարգադրությունն արդեն արվել է առողջապահության նախարարությանը: Այս մասին «Վրացական առաջին ալիքին» հայտարարել է  վարչապետ Գեորգի Գախարիան: «Ես անձամբ, նաեւ իմ գործընկերները ամենօրյա կապի մեջ ենք Հայաստանի հետ եւ արդեն որոշել ենք, թե ինչ օգնություն է պետք մեր հարեւաններին: Առաջին հերթին դա կլինի բուժանձնակազմի տեսքով, այդպիսի խնդրանք է եղել մեր հարեւաններից»,- ասել է Գախարիան:

Կառավարությունը սահմանել է պետական հատուկ մշակված համակարգում՝  բջջային հավելվածում գրանցված  անձի կողմից  տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու քանակները, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար, պնդել է վարչապետ Փաշինյանը: Փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնցում է, էդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞, հարցրել է Փաշինյանը: Ռուստամ Բադասյանը խոստացել է եւս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:

Կառավարությունը որոշել է բյուջետային վարկ տրամադրել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար եւ մասնակի հրաժարվել 2015 թվականի ռուսական 300 միլիոն դոլարի վարկից, որից 30 միլիոնը դրամաշնորհ է: Դրա համար ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր:

Եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ դժգոհություն են հայտնել Հայաստանի եւ Արցախի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ: Նշվել է, որ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ երրորդ մայրուղին անցնելու է Կուբաթլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք իբր օկուպացված են: Որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ, բողոքել են եւրապատգամավորները:

Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, եւ դրանից բխող հետեւանքներն ազդում են յուրաքանչյուրիս կյանքի վրա։ Նրա խոսքով՝ այն խոստումները, թե կան կախարդական փայտիկներ, որոնցով շատ կարճ ժամանակում մարդկանց կյանքը փոխվելու է, չիրականացան։ «Հայրենիքն» այն այլընտրանքային ուժն է, որը կարողանալու է փոխել այս իշխանություններին եւ մեր երկիրը տանի ճիշտ զարգացման ուղղությամբ», - ասել է Վանեցյանը։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լարվածության նշաններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանը շեշտել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդարձակ օրակարգի առկայությունը:

Ըստ արտգործնախարարի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում իրավիճակն այնպիսին է, որ այն շարունակում է մարտահրավեր մնալ անվտանգության համար: Հարցը հարաբերությունների բացակայությունն է, դրա վրա է պետք կենտրոնանալ: Մնացածը կախված է իրավիճակից,- ասել է Մնացականյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողներին հետ զրույցում ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոստովանել է, որ բանակում չի ծառայել:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.58 դրամով ու կազմել 481.61 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.77 դրամով ու հասել  548.17 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.05 դրամով ու կազմել  611.31 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.99 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում, նաեւ մայրաքաղաքում հունիսի 12-ի ցերեկը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +29 +31:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ