News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այո, այս համավարակը պատերազմ է, և մենք այդ պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում։ Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում հայտարարել է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։

«Ես ինքս ապրել եմ Հայաստանի մի շարք ղեկավարների օրոք և հնարավորություն եմ ունեցել նրանց գործունեությունը գնահատել ոչ միայն իբրև քաղաքացի, այլև անձամբ շփվելով նրանց հետ՝  Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Կարող եմ պնդել, որ նրանցից որևէ մեկի օրոք նման իրավիճակ չէր ստեղծվի։ Հայաստանի ղեկավարները նաև միշտ անուղղակի ու չգրված ձևով մրցել են մեր հարևանների՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ և երբեք թույլ չէին տա, որպեսզի մենք նման խայտառակ վիճակում հայտնվենք։ Հիմա չեմ ուզում քննարկել, թե ինչ էր պետք անել, որ չարվեց, ինչ պետք չէր անել կամ ինչ է պետք անել հիմա։ Դա առանձին խոսակցության թեմա է։ Բայց պետք է ֆիքսենք, որ իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է»։

Վազգեն Մանուկյանը շեշտել է, որ նույնիսկ իրական պատերազմի ժամանակ մարդկային կյանքը ամենակարևոր արժեքն է․

«Ժամանակին, երբ մենք անցնում էինք իրական պատերազմի միջով և այդ պատերազմի պատասխանատուներն էինք, ցանկացած պատերազմական գործողությունից առաջ նախևառաջ քննարկվում և հաշվի էր առնվում, թե դա որքան մարդկային կյանք կարժենա։ Եվ երբեմն մենք տվյալ գործողությունը հետաձգում կամ ձևափոխում էինք, որպեսզի զոհերի թիվը հնարավորինս քիչ լիներ։ Քելբաջարն ազատագրելիս մենք մի քանի տասնյակ զոհ ունեցանք, բայց յուրաքանչյուր դեպքը շատ խստորեն քննարկեցինք ու բացահայտեցինք պատճառները։ Այսինքն, մարդկային կյանքը նույնիսկ իրական պատերազմի ժամանակ ամենակարևոր արժեքն է, որն այս օրերին, փաստորեն, արժեք չունի»։

«Վերնատուն» ակումբի նախագահն ասել է, որ այն ցուցանիշները, որ մենք ունենք՝ հարյուրավոր մահեր, հազարավոր հիվանդներ ու վարակակիրներ, վկայում են, որ մենք վատ առումով տարբերվում ենք ոչ միայն մեր հարևան, այլև շատ ուրիշ երկրներից։ Ըստ նրա՝ սահմանափակումների  տեսակետից մեր ժողովուրդը համեմատաբար ավելի կարգապահ է, քան շատ ուրիշ երկրների ժողովուրդներ։

«Դա ցույց տվեց նաև առաջին օրերին պարտադրված մեկուսացումը, երբ իշխանությունների վերահսկողությունը դեռևս ձևական բնույթ չէր կրում։ Իսկ միգուցե մեղավոր է մեր առողջապահակա՞ն համակարգը կամ մեղավոր են բժիշկնե՞րը։ Ի տարբերություն շատ այլ երկրների՝ մեր առողջապահական համակարգն ու մեր բժիշկները սովոր են աշխատել էքստրեմալ իրավիճակներում։ Ե՛վ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ սահմանային ընդհարումների ժամանակ մեր բժիշկները հարյուրավոր ծանր վիրավորների են փրկել ու չեն տրտնջացել։ Այս տեսանկյունից՝ մեր բժիշկներն ավելի պատրաստ են էքստրեմալ իրավիճակներում աշխատելուն, քան շատ ուրիշ երկրների բժիշկներ»։ 

Վազգեն Մանուկյանի տարակուսանքն են հարուցում այն հայտարարությունները, թե պետք է համախմբվել իշխանության շուրջ վերջինիս հակադրվելը դավաճանություն է․

«Ի՞նչ է նշանակում համախմբվել մեզ պարտության տանող իշխանության շուրջ, ընդ որում՝ ոչ միայն այս հարցում պարտության տանող։  Ծանր վիճակներում ժողովրդի միասնության ու համախմբման ապահովման պատասխանատուն նույնպես իշխանությունն է։ Միշտ էլ կլինի ընդդիմություն, որը կքննադատի, դա ընդդիմության գործն է և դա նաև օգտակար է։ Իսկ իշխանության գործը ժողովրդի միասնությունն ապահովելն է։ Տեսնո՞ւմ ենք մենք նման բան Հայաստանում, բացարձակապես ոչ։ Ե՛վ մինչև համավարակը, և՛ համավարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անընդհատ, երբեմն նենգ մեթոդներով, երբեմն ստի միջոցով, բացառիկ անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրության մոլուցքով ջարդում  ու քայքայում է մեր ժողովրդի միասնությունը»։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝  բոլոր դեպքերում այս ծանր իրավիճակում ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել։

«Համախմբվել ոչ թե որևէ անձի կամ քաղաքական ուժի շուրջ, այլ նախևառաջ՝ գաղափարների։ Երեք սյուն կա, որոնց հիմքի վրա պետք է համախմբվենք. առաջինը՝ ազգային ու անվտանգության հարցերն են, երկրորդը՝ ազատության, ժողովրդավարության ու իրավական պետության հարցերը և երրորդը՝ տնտեսության զարգացման ու հատկապես ստեղծված իրավիճակում ժողովրդի սոցիալական խնդիրները կարգավորելու հարցերը։

Եվ առիթից օգտվելով՝ ուզում եմ դիմել նաև մեր երիտասարդությանը։ Սիրելի՛ երիտասարդներ, ազատության համար պայքարը մենք սկսել ենք դեռևս Խորհրդային միությունում։ Մեզանից շատերը բանտերով ու ռազմաճակատներով են անցել, որպեսզի ձեզ թողնենք ազատ երկիր։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ երբ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ընդունվում են օրենքներ, որոնք գործադիրին տալիս են հասարակությանն ամբողջովին վերահսկելու լծակներ, սա արդեն ցույց է տալիս, որ դուք զրկվում եք այդ ազատությունից։ Եվ դո՛ւք եք, որ առաջինը պիտի գլուխ բարձրացնեք և պայքարեք այդ ազատության համար»։

Նախկին վարչապետը համոզված է, որ  այս իշխանությունը երկրի առաջ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները լուծողը չի․

«Մեզ նոր իշխանություն է պետք։ Նոր իշխանությունը կձևավորվի Ազգային ժողովի հերթակա՞ն ընտրություններով, թե՞ արտահերթ՝ դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ այս իրավիճակի համար իսկապես նպատակահարմար է ստեղծել անցումային կամ հակաճգնաժամային մի կառավարություն, բայց նախևառաջ պետք է սկզբունքները դնել, թե այդ ժամանակավոր կառավարությունն ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, ի՞նչ մեխանիզմներով պետք է ձևավորվի, ինչ քաղաքական ուժերով և ի՞նչ որակի մարդկանցով, որովհետև ամեն մի փոփոխություն չէ, որ կարող է օգտակար լինել։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնա, և նրան ուղղակի փոխարինի իր իշխանությունից որևէ մեկը, ոչ միայն խնդիրները չեն լուծվի, այլ մի բան էլ կարող են խորանալ»։

Տպել
Ամենաշատ