ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգված է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մտահոգությամբ նշում ենք այն հրամանի մասին, որը թույլատրում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի անդամների հանդեպ,- ասել է նա,- Մենք ակնկալում ենք, որ որոշակի անձանց հանդեպ ցանկացած սահմանափակում չի հակասի ԱՄՆ-ի՝ որպես ՄԱԿ-ի ընդունող երկրի պարտավորություններին»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի կողմից անցկացվող հետաքննության մեջ ներգրավված մի շարք անձանց հանդեպ։ Հետաքննությունը վերաբերում է նրան, թե կատարվել են արդյոք ամերիկյան զինվորականների կողմից ռազմական հանցագործություններ Աֆղանստանում։
Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, Թրամփի հրամանագիրը նախատեսում է տնտեսական պատժամիջոցներ ընդդեմ ՄՔԴ աշխատակիցների, «որոնք անմիջականորեն ներգրավված են ԱՄՆ զորքերի դեմ հետաքննության եւ դատական գործընթացների ցանկացած ջանքերում՝ առանց ԱՄՆ-ի համաձայնության»: Նաեւ նախատեսվում է մուտքի վիզայի սահմանափակումների ընդլայնում՝ դատարանների աշխատակիցների եւ նրանց հարազատների համար: