News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արթուր Ջավադյանը հրաժեշտի ուղերձ է տարածել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

Ստարեւ ներկայացնում ենք նրա ուղերձը:

«Սիրելի հայրենակիցներ, հարգարժան գործընկերներ

Ավարտվում է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման 12 տարին, որոնք ուղեկցվել են մեր սիրելի թիմի հետ ամենօրյա բարձր պատասխանատու աշխատանքով: Հագեցված օրակարգով տարիների աշխատանք, որը շատ հաճախ տեսանելի չէ հասարակության համար: Սակայն արդյունքն ակնհայտ է. մենք ապահովել ենք այս տարիների ընթացքում երկրում մակրոտնտեսական կայունությունն ու ֆինանսական համակարգի կայուն զարգացումը: Կենտրոնական բանկը մշտապես ներդրել է իր ուժերի առավելագույնը՝ ի շահ մեր պետության եւ ժողովրդի:

Նախ` ցանկանում եմ առանձնակի արժեւորել եւ իմ խորին երախտիքի խոսքն ուղղել Կենտրոնական բանկի թիմին, մեր ողջ անձնակազմին, ովքեր այս տարիների ընթացքում պատվով եւ ամենայն պատասխանատվությամբ իրականացրել են իրենց պարտականությունները՝ ցուցաբերելով մասնագիտական եւ աշխատանքին նվիրվածության անգնահատելի որակներ:

Ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել նաեւ իմ պաշտոնավարման տարիներին գործող Հայաստանի Հանրապետության եւ միջազգային կառույցների մեր գործընկերներին, որոնց հետ արդյունավետ աշխատանքը մշտապես ուղղված է եղել երկրի զարգացմանն ու բարեկեցիկ ապագային:

Շնորհակալական խոսքս եմ ուղղում նաեւ Հայաստանի ֆինանսական ինստիտուտներին, որոնց հետ անցած ուղին եղել է փոխհամագործակցային եւ կառուցողական: Պետք է շեշտել, որ Հայաստանի բանկային համակարգը մեկ անգամ չէ, որ ապացուցել է տնտեսության դժվարին պահերին իր պետականաշինության եւ հասարակությանն ընդառաջ գնալու բարձր պատրաստակամությունն ու խոհեմությունը: 

Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը հաջողությամբ իրականացրել է օրենսդրորեն ամրագրված իր խնդիրները:

Անցնող տարիները զերծ չէին տարաբնույթ մարտահրավերներից՝ համաշխարհային ճգնաժամ, տարածաշրջանային եւ ներքին շոկեր: Սակայն ֆինանսական ինստիտուտների ճկուն ռազմավարության եւ Կենտրոնական բանկի կողմից կայունության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետեւողական քաղաքականության արդյունքում` այս տարիները եղել են ոչ միայն շոկերին դիմագրավելու, այլ ֆինանսական համակարգի համար կայունության եւ զարգացման տարիներ: Դրա ցայտուն վկայությունն են ինչպես ֆինանսական միջնորդության, ֆինանսական ծառայությունների հասանելիության եւ այլ ցուցանիշների շեշտակի աճերը, այլ նաեւ միջազգային կառույցների՝ Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությանը եւ ֆինանսական համակարգին տրված գնահատականները: Հատկանշական են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի ամփոփված արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման եւ վերահսկողական գործընթացները համապատասխանել են օրինակելի համարվող Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Մեզ հաջողվել է Հայաստանում պահպանել եւ ամրապնդել գների կայունությունը. 2008-2019 թվականների ընթացքում տարեկան միջին գնաճը կազմել է 3.9 տոկոս: Այս տարիների ընթացքում Կենտրոնական բանկը կարողացել է դիմակայել տարբեր տնտեսական ցնցումների, դժվարագույն պայմաններում գների կայունությունը պահպանելուց զատ կարողացել է նվազեցնել եւ ավելի լավ խարսխել հասարակության գնաճային սպասումները: Դա լավագույնս արտացոլվեց 2018 թվականի քաղաքական փոփոխությունների եւ այս տարի՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում մեր հասարակության վարքագծային դրսեւորմամբ:

Տպավորիչ հաջողություններ են գրանցվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում: Սա վերաբերում է թե՛ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին մեր երկրի ֆինանսական ու ոչ ֆինանսական համակարգերի համապատասխանությանը, թե՛ մի շարք հնչեղ գործերով ֆինանսական հետախուզության գործողությունների շնորհիվ արձանագրված արդյունքներին:

Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, մշակված խաղի կանոններն ու գործող կառուցակարգերը հիրավի բարձր գնահատականի են արժանանում ոլորտի միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Շատ երկրներ հետաքրքրված են, եւ իրենց մոտ ներդնելու նպատակով, ուսումնասիրում են սպառողների շահերի պաշտպանության հայաստանյան մոդելը: Այս տարիներին հիմնադրվել է նաեւ ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը:

Արժույթի թողարկման բնագավառում՝ ՀՀ դրամի ներդրման 25-ամյա հոբելյանի շրջանակում Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց նոր՝ երրորդ սերնդի թղթադրամները, որոնք աչքի էին ընկնում թղթադրամի որակական եւ պաշտպանական նորագույն եւ լավագույն չափանիշներով: Կենտրոնական բանկը էական առաջընթաց գրանցեց հուշադրամների թողարկման ասպարեզում, արժանացավ  տարբեր բարձր մրցանակների՝ ընդլայնելով դրանց միջազգային ճանաչումը եւ մեր պատմամշակութային ու գիտական ժառանգության հանրահռչակումը:

Օրենքով ամրագրված անմիջական խնդիրներից բացի, Կենտրոնական բանկը ջանք չի խնայել իր աջակցությունը ցուցաբերել տնտեսության եւ հասարակության բարօրությանն ուղղված ամենատարբեր ծրագրերում: Մշտապես մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել Կառավարության կողմից իրականացվող բազմապիսի սոցիալական եւ տնտեսություն կարեւոր ոլորտների վարկային ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներում, ինչպես նաեւ Կառավարության ամենատարբեր ծրագրերում (կենսաթոշակային ռեֆորմ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամ եւ այլն):

Այս տարիներին հիմնադրված «Ազգային հիփոթեքային» եւ «Բնակարան երիտասարդներին» ընկերություններն էական նպաստում են ունեցել հիփոթեքային շուկայի ձեւավորմանն ու սոցիալական եւ ոլորտային ծրագրային վարկավորման իրականացմանը:

Հպարտության եւ գոհունակության զգացումով արձանագրելով մեր ձեռքբերումներն ու հաջողությունները՝ ես չեմ կարող, իհարկե, չարձանագրել, որ մենք ունեցել ենք նաեւ բացթողումներ, թերացումներ, սակայն Կենտրոնական բանկի թիմը մշտապես միտված է եղել դեպի զարգացում, դեպի առաջընթաց եւ նախանշված ռազմավարական նպատակների իրականացում:

Անձնակազմի կրթումը եւ մասնագիտական որակների զարգացումը շարունակել է մնալ որպես մեր գործունեության կարեւոր գրավական: Կենտրոնական բանկում աշխատում են ինչպես փորձառու եւ տարբեր ոլորտներում միջազգային մասնագիտական որակավորումներ ունեցող, այնպես եւ երիտասարդ, բայց ներուժ ու զարգանալու ձգտում ունեցող մասնագետներ: Որոշ առումով Կենտրոնական բանկը նաեւ գիտելիքի ձեռքբերման եւ կատարելագործման յուրօրինակ դարբնոց է, որտեղից որակյալ մասնագետները հաճախ շարունակում են աշխատանքը նաեւ Հայաստանի պետական եւ մասնավոր այլ ոլորտներում:

Սիրելի գործընկերներ՝ դուք հիրավի մեր հպարտությունն եք, եւ Կենտրոնական բանկի ձեռքբերումների ապահովման թիվ մեկ երաշխավորը: Շնորհակալ եմ ձեզ:

Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ զարգացման մասով չի կարելի չնշել Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի բացման հանգամանքը, ինչը հնարավորություն ընձեռեց մեզ նոր մակարդակի վրա բարձրացնել Կենտրոնական բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների եւ առաջատար գիտակրթական հաստատությունների հետ: Այս տարիների ընթացքում մենք կարողացանք Դիլիջանում ընդունել աշխարհի առաջատար բուհերի ուսանողներին, անցկացնել տարածաշրջանային եւ միջազգային նշանակության բազմաթիվ միջոցառումներ:

Կենտրոնական բանկի արժեքներից է հավատարմությունը կառույցին եւ նրա մշակույթին: Այն իր մեջ ներառում է նաեւ քաղաքականության եւ բանկի կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովումը: 12 տարի առաջ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը՝ ես մեծ նշանակություն տվեցի շարունակականության ապահովմանը: Վստահ եմ, որ գործին ու առաքելությանը նվիրված Կենտրոնական բանկի նոր ղեկավարը, ժամանակի հրամայականին համահունչ, նորովի կշարունակի իրագործել Կենտրոնական բանկի առջեւ դրված խնդիրները՝ ապահովելով մեր քաղաքացիների ու պետության շահերը, եւ մնալով Կառավարության ու միջազգային կառույցների վստահելի գործընկեր:

Համոզված եմ, որ գալիք տարիները կլինեն վերելքի ու զարգացման յուրօրինակ տարիներ:

Ուրախ եմ, որ կարողացել ենք պատվով ծառայել մեր երկրին ու ժողովրդին, եւ մեր լուման ներդնել պետականաշինության գործընթացում: Տարիների ընթացքում ձեռք բերած իմ փորձով եւ գիտելիքներով մշտապես պատրաստակամ եմ կիսվել տարբեր հարթակներում եւ օգտակար լինել մեր երկրի զարգացմանը:

Ամենայն բարիք եւ խաղաղություն բոլորիս:

Շնորհակալություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ