News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, ում հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, եւ Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Մի քանի օր առաջ առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը նշել էր, որ կրկին զրուցել է իր սերբ գործընկերոջ հետ: Վերջինս մանրամասն տեղեկացրել էր, թե ինչ քանակի եւ տեսակի օգնություն է պատրաստվում ուղարկել իր հայ ընկերոջը եւ, ի դեմս նրա, Հայաստանի բարեկամ ժողովրդին:

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական եւ 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք եւ այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած եւ Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Սերբիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին եւ, հանձին նրա, բարեկամ սերբ ժողովրդին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շարունակական ջերմ վերաբերմունքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ