News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Մարդու իրավունքների միության ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարի հանձնաժողովը մամուլի ասուլիս է հրավիրել, ապրիլի 24-ին, իբր, պատահաբար սպանված հայազգի զինվոր Սեւակ Շահինի հետ կապված:

Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպանները պահանջել են բացահայտել «կասկածելի» մահվան հետ կապված մանրամասները:

Մասնակիցները նշել են, որ ոչ մի ապացույց չկա, թե Սեւակին սպանած Քվանչ Աղաօղլուն նրա մոտ ընկերն էր, ինչպես ներկայացնում է ԶՈՒ գլխավոր շտաբը, ինչպես նաեւ հայտնի չէ, թե ինչո՞ւ է Քվանչի հրազենը լիցքավորված եղել, երբ դրա անհրաժեշտությունն այդ ժամանակ չի եղել:

Ասուլիսի ընթացքում Սեւակի փաստաբանը շեշտել է, որ ծառայության ընթացքում ազգայնականները մշտապես անհանգստացրել են Սեւակին: Այն, որ Սեւակին սպանած Քվանչը եղել է ազգայնական, հաստատվել է Facebook-ի՝ նրա էջում հայտնաբերված ազգայնական ուղղվածության գրառումներից:

Նշենք, որ Սեւակի մայրն այցելել էր զորամաս, որտեղ հանդիպել էր որդուն սպանած զինվորականի հետ: Այս հանդիպումից հետո Սեւակի մայրը նշել էր, թե ավելացել է իր կասկածները, որ իր որդու սպանել են կանխամտածված:

Նշենք, որ 25-ամյա Սեւակը ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ ծառայության էր անցել Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում տեղակայված ժանդարմերիայի զորամասում։

Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  Ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայողի կողմից։  Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել զինծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում այս տեսակետին եւ պահանջում են մանրամասն հետաքննություն իրականացնել:

Սպանության ականատես զինվորները նշել էին, որ սպանության պահին Քվանչի հրազենի փողը ուղղված է եղել Սեւակի կողմ: Դեպքին ականատես զինվորներից Ֆազլա Քեսքինը պատմել, որ կրակոցի ձայնը լսելուց հետո Սեւակն ասել է. «Քվանչ եղբայր, այս ի՞նչ արեցիր, հասիր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ