«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը:
Նիստն անցկացվում է «Լուսավոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» պատգամավորների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող երեք տարբեր քրեական գործերի վերաբերյալ երեկ՝ հունիսի 14-ին հաղորդագրություններ է տարածել ԱԱԾ-ն։
Քրեական գործերից առաջինը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատանն առնչվող ապօրինությունների վերաբերյալ էր։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ խաղատունը գործել է առանց լիցենզիայի, որի հետեւանքով պետության պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։
Երկրորդ հաղորդագրությունը վերաբերում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելուն։
Երբ Ծառուկյանը հարցաքննվում էր, ադ ընթացքում ԱԱԾ-ն տարածեց նաեւ հարուցված երրորդ քրեական գործը։ Ըստ հաղորդագրության՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնյաները ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նյու» ՍՊԸ-ին։ Առինջ համայնքում տեղի ունեցած ապօրինության հետեւանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել մոտ 370 միլիոն ՀՀ դրամ։




























