Ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, նախաձեռնված գործընթացի նշանակությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ըստ էության ելույթներում հիմնականում  քաղաքական, էմոցիոնալ խոսք հնչեց եւ հավանաբար կարծում եմ՝ դրանով փորձ արվեց, որ ես համարժեք խոսք ներկայացնել: բայց իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղության հետեւից:

Եթե երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որեւէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը:

Ես միշտ գործել եւ գործելու եմ օրենքին համապատասխան, իսկ օրենքի պահանջն է՝ օրենքի առաջ հավասար են բոլորը եւ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է քրեական պատասխանատվության: Միջնորդությունը բացառապես իրավական փաստաթուղթ է, գործընթացը բացառապես իրավական է»,-ասաց Արթուր Դավթյանը:

Նա կոչ արեց ԱԺ-ին համաձայնություն տալ քրեական հետապնդում սկսել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. «Դա հնարավորություն կտա պարոն Ծառուկյանին համապատասխան դատավարական կարգավիճակ տալով նրան ներգրավելով քրեադատավարական գործընթացի մեջ, իրականացնել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն, որը կլինի առավելագույնս հրապարակային ինչպես ընթացքով, այնպես էլ իր արդյունքներով»,-ասց Դավթյանը: