News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվություն տալու, ապա նաեւ ազատարկելու գլխավոր դատախազի միջնորդություններին: Փակ գաղտնի քվեարկությամբ  կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել: «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

Այսօր իրադարձությունները բուռն էին ոչ միայն խորհրդարանում, այլեւ Երեւանի փողոցներում եւ մայրաքաղաք տանող ճանապարհներին, որտեղ ոստիկանները կանգնեցնում եւ ստուգում էին ավտոմեքենաները: Հանրության մի զգալի հատվածին վրդովվեցրել էր նույնիսկ վնասվածքից հետո մինչեւ վերջ գոտեմարտած տիտղոսակիր ըմբիշ Ռոման Ամոյանին կոշտ մեթոդներով բերման ենթարկելու փաստը: Ծառուկյանի աջակիցներին բերման ենթարկելու գործը ոստիկանները սկսել են առավոտից: Նրանք սկզբում հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, մի քանիսին բերման ենթարկելուց հետո, նրանք տեղափոխվել են հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգի։ Ոստիկաններն էլ  շրջափակել են  այգու բոլոր մուտքերը և պատ կազմել խորհրդարանի դարպասների դիմաց:

Ծառուկյանի վրա գործ եք հարուցել՝ վախենո՞ւմ եք, ճանապարհներն եք փակել, մարդկանց ասֆալտին եք փռում, իր նկատմամբ քրեական հետապնդում սկսելու՝ դատախազի միջնորդությունից հետո հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավարը:Այսօր տնտեսական ճգնաժամի պայմաններում բերում գույքահարկ եք ավելացնում, ասում ենք՝ արտակարգ դրության ընթացքում բանկերի տոկոսները ներեք, մինչեւ տնտեսությունը կզարգանա: 3 ամիս հետո սով է լինելու: Դրա տակից չեք կարող դուրս գալ, խելքի եկեք: Էսօր ոչ ոք ձեզ փող չի տալիս, չի վստահում: Քաղաքական կայունություն չկա: Արտաքին քաղաքականության մեջ բոլորի հետ հարաբերությունները փչացրել եք, թվարկել է Գագիկ Ծառուկյանը:

Ռադիոտունը գրավեցիք, ձեզ չտարան, հիմա մարդկանց հարյուրներով բերման եք ենթարկել,  Ներքին զորքերը սահմանից բերել, լցրել են քաղաքը, հետո էլ ասում են ամբողջ ժողովուրդը մեր կողմից է, արդեն հարցաքննության գնալիս՝ Ազգային ժողովի միջանցքում լրագրողներին ասել է Ծառուկյանը։ Իրեն կալանավորելու դեպքում՝  իր քաղաքական թիմը շարունակե՞լու է պայքարը՝ հարցին ի  պատասխան, Ծառուկյանն ասել է.

ԲՀԿ առաջնորդին ցանկացել են բերման ենթարկել ԱԺ բակից։ Ծառուկյանը նշել է, որ ինքը պայմանավորվածության համաձայն այսպես թե այնպես ԱԱԾ էր գնում։  Ծառուկյանն ի վերջո նստել է իր մեքենան, ԱԱԾ աշխատակիցը՝ նրա կողքին։ Այս տեսանյութը պատրաստելու պահին Ծառուկյանին արդեն 7 ժամից ավելի  հարցաքննում էին։

ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ արդեն բերման էր  ենթարկվել 154 քաղաքացի: «Բոլորը բերման են ենթարկվել Ազգային ժողովի տարածքից: Ժամը մեկ տվյալները թարմացվում են»,- հայտնել են ոստիկանությունից:

Այս հայտարարությունն արդեն հնչում էր դահլիճում։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հետեւյալ խոսքերով․ «Դուք էլ եք հասկանում, որ  հիմա մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն պրոցեսին։ Ինձ հետաքրքիր է՝ ձեզ վախեցրե՞լ են, թե դա ձեր կամավոր ընտրությունն է մասնակցել այս ցիրկին»: Դավթյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի կարող վախեցնել:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ Արթուր Դավթյանը  նոր Հայաստանում հին Հայաստանի ամենավատ ավանդույթների կրողն է եւ նա իրավունք չունի աշխատել որպես գլխավոր դատախազ։ Տոնոյանը շեշտել է, որ Ծառուկյանին ազատությունից զրկելով՝ տասնյակ հազարավոր մարդկիկ գործազուրկ են լինելու։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվել է, եթե խուզարկությունները եղել են ամիսներ առաջ, ինչու չէին այն ժամանակ չներկայացրին միջնորդությունը։ Գլխավոր դատախազն ասել է, որ եթե փետրվարին գար այդ փաստաթղթով Արման Աբովյանի հարցադրումներին լիարժեք փաստարկներով չէր կարողանալու պատասխանել:

Սա անազնիվ խաղ է եւ ֆարս, արդեն ամբիոնից հայտարարել է Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ի հետ Փաշինյանը եւ նրա գլխավորած ուժը ճանապարհ է անցել, հուշագիր է ստորագրել, նույնիսկ Ծառուկյանի տանը հարսանիքի մասնակցել։ «Լուսավոր Հայաստանը» համարում է, որ այս քվեարկության մեջ անելիք չունի, քանի որ չի ուզում մասնակցել ֆարսի:

Ձեր իրավական ֆարսը ձեր եւ մանուկ ԱԱԾ տնօրենի հետ միասին հասնելու է Եվրադատարան, հայտարարել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ հիշեցրել, որ Արթուր Դավթյանը  2018-ի մայիսին ԱԺ-ում միջնորդություն էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ Զոհրաբյանը իր հարցի պատասխանը շատ լավ գիտի:

Դեռ առավոտյան Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր, որ իր աշխատասենյակը ցանկանում են խուզարկել: «Քիչ առաջ ինձ զանգահարեց ոմն  քննիչ եւ ասաց, որ հենց այս պահին ինքը գտնվում է Ազգային ժողովի իմ աշխատասենյակի դիմաց եւ եթե քիչ անց դուռը չբացվի, ապա իրենք ստիպված կլինեն դուռը ջարդել։ Սա այլեւս խելագարություն է սիրելի հայրենակիցներ», գրել էր Զոհրաբյանը, որի դեմ եւս, ըստ լուրերի քրեական գործ կհարուցվի։

Երևան մտնող և Ազգային ժողով տանող՝ որոշ փողոցներ առավոյան եւ ցերեկային ժամերին ավտոմեքենաներով արգելափակված էին, որպեսզի Ծառուկյանի աջակիցները չկարողանան հասնել ԱԺ։ Դեպի Մաշտոցի պողոտա տանող թունելը փակ էր երկու կողմից, քաղաքացիներն էլ բեռնատար ավտոմեքենաներով փակել էին Աբովյան-Երևան ավտոճանապարհը, Ավանից  Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը, տաքսիներով էլ փակել «Դալմա մոլի» հատվածը։

Ասված է՝ Աստծունը՝ Աստծուն, Կայսրինը՝ Կայսրին, մենք էլ ուրեմն զատենք տարբեր երեւույթներն իրարից, հայտարարել է ԱԺ նախագահը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ շատ հեշտ է ընկնել ծուղակը եւ քաղաքականացնել իրավական գործընթացը, պարզաբանելով, թե դա նկատի ուներ երեւույթներն իրարից զատելու առաջարկ անելիս։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է իր ամփոփիչ խոսքից։

Հայաստանում  կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 17489-ի: Մահացածների թիվն ավելացել է 8-ով եւ հասել  293-ի: Եվս 2 մարդ, ունեցել է կորոնավիրուս, բայց մահացել է այլ հիվանդությունից։  Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ վաղվանից  բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր ոչ միայն դիմակի, այլեւ անձը հաստատող  փաստաթղթի կրումը: Ըստ Փաշինյանի՝  վարակի ամենամեծ աղբյուրը  բակերն են, բիսեդկաներն ու հարեւանությունը, երբ մարդիկ գնում են միմյանց հյուր՝ սուրճ խմելու։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դամով ու կազմել 481.27 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 3.69 դրամով ու հասել  545.28 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 5.46 դրամով ու հասել  609.05 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.06 դրամով ու կազմել  6.90 դրամ։

Հունիսի 17-ին Հայաստանի հյուսիսային մարզերում, նաեւ մայրաքաղաքում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի: Երեւանում առաջիկա գիշերը կլինի  +16+18, վաղը ցերեկը՝ +31+33:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ