News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Այս մասին, ըստ կառավարության լրատվական ծառայության,  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին:

Համաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը, Արևելյան գործընկերության մասնակից պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի առաջնորդները, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, եվրոպական պետությունների այլ առաջնորդներ:

Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել տեսակոնֆերանսի մասնակից գործընկերներին հանդիպելու համար, հույս հայտնել, որ հաջորդ անգամ՝ 2021 թվականի սկզբին, իրենք հնարավորություն կունենան անձամբ հանդիպել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

«Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապարփակ բարեփոխումներ՝ օրենքի գերակայության և կառավարության հաշվետվողականության վրա հիմնված ամուր ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու նպատակով: Կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի վերափոխումը մեր օրակարգի առանցքում են:

Մեր ջանքերը սակայն հանդիպում են նախկին օլիգոպոլիաների և կոռումպացված շրջանակների ուժեղ դիմադրությանը: Նրանք, ովքեր վախենում են կորցնել իրենց ապօրինի ձեռք բերած ունեցվածքը, շահարկում են զանգվածային լրատվամիջոցները և կեղծ լուրեր են տարածում՝ կառավարության նկատմամբ անվստահություն սերմանելու և կորոնավիրուսային համաճարակին դիմակայելու ջանքերը նսեմացնելու նպատակով:

Չնայած այս բոլոր խոչընդոտներին, մենք վճռականորեն շարունակելու ենք բարեփոխումները՝ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելու համար», նշել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեփոխումների յուրաքանչյուր փուլում զգացել են եվրոպական գործընկերների անվերապահ աջակցությունը․

«Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է պետական կառուցակարգերի կայացման գործում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:

Հայաստանը հանձնառու է զարգացնել գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մշակութային ընդհանրությունների վրա: Արևելյան գործընկերությունը մեր համագործակցության շարժիչ ուժն է: Այն ապահովում է արդյունավետ հարթակ ԵՄ-ի և տարածաշրջանի երկրների հետ երկխոսության և համագործակցության համար: Դրա ամբողջականության և շարունակականության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի: Ներքին բաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ կխաթարի Գործընկերության բուն փիլիսոփայությունն ու ազդեցությունը:

Հայաստանը ողջունում է 2020-ից հետո իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ համատեղ կոմյունիկեն: Փաստաթղթում ուրվագծված հինգ նպատակները համահունչ են մեր գերակայություններին: Մենք հավատում ենք, որ 2020-ից հետո նախանշվող նպատակները պետք է ապահովեն ուժեղ դիմադրողականություն և շոշափելի արդյունքներ: Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքներ ապահովելու լավագույն միջոցը կլինի վիզաների ազատականացման երկխոսության երկար սպասված մեկնարկը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները ԵՄ-ի և Գործընկերության կողմից խրախուսվող համերաշխության և համագործակցության քաղաքականության ևս մեկ վկայությունն են: Հայաստանը բարձր է գնահատում ավելի քան 92 միլիոն եվրոյի աջակցությունը, որը միտված է ճգնաժամի անմիջական կարիքները բավարարելուն և դրա բացասական ազդեցությունը մեղմելուն:

Համամոլորակային մարտահրավերները պահանջում են միասնական գործողություններ, այլ ոչ թե առճակատում: Համաճարակի պայմաններում տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ խիստ անպատասխանատու է և պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից: Այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մոտեցումներին համահունչ ԵՄ շարունակական հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում շատ կարևոր գործոն է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», ասել է Նիկոլ Փաշինյանը եւ շնորհակալություն հայտնել ուշադրության համար:

Ըստ կառավարության լրատվական ծառայության՝ տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի՝ փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ այժմ իրականացվող ռասիստական քաղաքականությունը, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ապագան կառուցելու իր որոշման մեջ հաստատակամ է և պատրաստ պաշտպանելու իր անվտանգությունը՝ համարժեք արձագանքելով ցանկացած ոտնձգության:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանի նախագահին կառուցողական մոտեցում ցուցաբերել, և ի վերջո, հրապարակային համաձայնվել նախկինում առաջ քաշած իր բանաձևին․ այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար, և Ադրբեջանի ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ