News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հակառակ ներկայացվող պնդումներին, դրանում ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածով սահմանված՝ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը սահմանող նորմի անորոշության մասին դատողություններ առկա չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը:

Ավելին, դրանից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ձեւակերպումը որոշակիության առումով շահեկանորեն տարբերվում է այլ պետություններում համանման հանցակազմերի ձեւակերպումներից։ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները հաստատում են նաեւ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված եւ այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։

Այսպես, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան․ պետությունների մի մասում հղումները վերաբերում են սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն: Ինչեւէ, քրեական օրենսդրության մեջ առկա դրույթների մեծամասնությունը անուղղակիորեն հղում է կատարում սահմանադրությանը՝ մեջբերելով սահմանադրական սկզբունքները՝ ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը եւ ընտրությունները կամ վերաբերում կոնկրետ սահմանադրական ինստիտուտների, ինչպիսին խորհրդարանն է:

Կարեւոր է շեշտել Հանձնաժողովի արձանագրած այն փաստը, որ սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին, սահմանված չեն անդամ պետությունների մեծամասնության օրենսդրական դրույթներում: Շատ, անդամ պետություններ վերաբերում են սահմանադրական կարգը տապալելու արարքին որպես դավաճանության, այլ կերպ ասած՝ սահմանադրությունը խաբեությամբ, հարկադրաբար եւ անիրավաչափորեն փոփոխելու մտադրություն կամ փաստացի փորձ, որը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:

Հանձնաժողովը նշում է նաեւ, որ լայն եզրույթներով նկարագրվող արարքները՝ ինչպիսիք են դավաճանությունը, ապստամբությունը կամ խռովությունը սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր՝ զուգակցված նշված բռոնությունը կամ հարկադիր գործողություններն ընդդեմ սահմանադրական կարգի կամ վերաբերելի այլ պաշտպանվող շահի դեմ ուղղորդելու դիտավորության (կամ փաստացի փորձի) հետ: Այն դրույթները, որոնք չեն պահանջում բռնություն կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման դիտավորություն, սովորաբար նախատեսում են ավելի հատուկ արարքներ (օրինակ, հակասահմանադրական կուսակցության կամ միավորման գրությունների եւ խորհրդանիշերի տարածում եւ օգտագործում ), որոնք եւս, էստ էության, համարվում են հակասահմանադրական:

Եվ վերջապես, Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ հարգելով քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքի սկզբունքը եւ օրենքներում հանցավոր արարքների բավարար չափով հստակ եւ ճշգրիտ սահմանումների առկայության պահանջը,  սահմանադրական կարգը եւ սահմանադրական կարգը տապալելու հասկացությունների վերաբերյալ անճշտությունների քննադատությունը կարող է մեղմացվել, քանի որ  կարծես թե  անդամ պետությունների միջեւ «համաձայնություն» կա այս հասկացությունները թողնել անորոշ կամ չսահմանված:

Վերոգրյալը թույլ է տալիս հանգել հետեւության, որ սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի՝ անդամ (եվ ոչ միայն) պետությունների քրեական օրենսգրքերում տրված ձեւակերպումներն ավելի որոշակի չեն ՀՀ քրեական օրենսգրքի նախկին շարադրմամբ 300-րդ եւ ներկա շարադրմամբ 300․1-րդ հոդվածով սահմանված ձեւակերպումներից։ Բոլոր դեպքերում դրանցում օգտագործվող «սահմանադրական կարգ» կամ «սահմանադրական կարգը տապալել» հասկացություններն օրենսդրորեն սահմանված չեն եւ դրանց մեկնաբանությունները պետք է տրվեն դատական իրավունքում, ինչպես քրեաիրավական՝ ճնշող մեծամասության նորմերի դեպքում։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն մեկնաբանությունը, որ Հանձնաժողովի ուսումնասիրած օրենսդրություններում եզրութաբանական տարբերությունները եւս վկայում են հանցակազմի հատկանիշների անորոշության մասին, անհիմն է։ Հանձնաժողովն այդ եւ ընդհանրապես իրավակարգավորման տարբերություններն ու իրավակիրառական պրակտիկայի բացակայությունն արձանագրել է՝ ցույց տալու համար միասնական կամ լավագույն փորձը ներկայացնելու անհնարինությունը: Եվ այնպիսի տարբերություններն, ինչպիսիք արտահայտված են հանցակազմում օգտագործվող եզրույթներում, չեն դիտվել որպես դրանք անորոշ դարձնող։ Ավելին, Հանձնաժողովը ոչ միայն չի արձանագրել քննարկվող նորմերի անորոշության մասին որեւէ դրույթ, այլ հակառակը՝ փաստել է, որ անորոշության մասին քննադատությունները նման պայմաններում կարող են մեղմացվել։

Կարեւոր է փաստել, որ «սահմանադրական կարգ» հասկացության՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված մեկնաբանությունը սահմանված է եղել եւ սահմանված է սահմանադրական իրավունքի գիտական, ուսումնական եւ ուսումնաօժանդակ գրականության մեջ, ինչը կարեւոր նշանակություն ուներ, նաեւ մասնագիկատական խորհրդատվությամբ, արարքը կատարելիս թույլատրելի վարքագծի սահմանները գիտակցելու եւ այն դրան համապատասխան կառուցելու համար։ «Սահմանադրական կարգ» հասկացության բովանդակությունը բացահայտված է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի իրավունքում, որում շեշտադրված են սահմանադրաիրավական այն արժեքները, որոնք միջազգային փորձի ուսումնասիրությամբ թվարկված են նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ՝ ինքնիշխանություն, ժողովրդավարություն, ընտրություններ եւ այլն։ Սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությոնների հանցակազմերի որոշակիության ապահովման համար, ըստ միջազգային փորձի, կարեւոր նշանակություն ունեցող՝ բռնության հատկանիշը եւս Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում իրացված է՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար: Ավելին, մեղադրանքում հստակեցված են այն գործողությունները որոնք մեղսագրվում են ամբաստանյալին եւ այն հետեւանքները՝ սահմանադրական կարգի տապալման բովանդակությունը կազմող սահմանադրաիրավական արժեքների վնասումը, որոնք առաջ են եկել այդ գործողությունների արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ