News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում սահմանադրական փոփոխության օրենքի ընդունումից հետո, որն ի դեպ, չի ուղարկվելու հանրապետության նախագահի հաստատմանը, օրվա հարցն էր՝  խորհրդարանական ընդդիմությունը կհավաքի բավարար թվով ստորագրություն՝ այդ օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար, թե ոչ: Իսկ մինչեւ այդ, այսօր լրագրողներն առավոտյան հասցրել են զրուցել բարձր ատյանի երեք դատավորի հետ: Սահմանադրական դատարանի նախագահը որպես իրավաբան երեկ խորհրդարանում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունի: «Ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո նրանք բոլորը երջանիկ են ապրելու», ակնհայտ հեգնանքով նշել է Հրայր Թովմասյանը:

«Կա իրավական սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձի ոչ թե  իրավունքն է դրանց ենթարկվել կամ չենթարկվելը, այլ ինքը իրավունք չունի դրանց ենթարկվել»,-ընդգծել է Հրայր Թովմասյանը:  Հարցին՝ տհաճ չէ՞ աշխատել գործող իշխանության հետ, որն անընդհատ ասում է, թե Թովմասյանը լեգիտիմ չէ, պետք է հեռանա, նա պատասխանել է. «Իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար 100-րդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ, գալիս իր աշխատանքն անում, գնում է»:

Չի կարելի իրիկունը քնել ու առավոտյան զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես, կարծում է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը։ Շահերի բախման վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան Թոխյանը հորդորել է  ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:  Սահմանադրական դատարանի անդամին փոքր ինչ շփոթեցնում է հանգամանքը, որ այս դեպքում ինքը պետք է իր շահերը պաշտպանի: Ֆելիքս Թոխյանի ձեւակերպմամբ՝ Ազգային ժոովում եղել է հերյուրանք ելույթ, թե իբր շտապ նիստ են արել երկրորդ նախագահի գործը մտցրել են. «Ամոթ է, ամոթ։ Վենետիկցիների որոշումը ստացել ենք ուրբաթ։ Պետք է վերաբացեք, սկսենք քննությունը, այսինքն՝ այն հիմքը, որով կասեցրել ենք, վերացել է։ Իսկ մեզ ասում են՝ ափալ-թափալ։ Հուլիսի 7-ին ենք նշանակել, թեեւ կարող էինք ավելի շուտ նշանակել, եթե հետին մտքեր ունենայինք», ասել է նա։

Բարձր ատյանի անդամ Ալվինա Գյուլումյանը պնդում է, որ փոփոխությունն իրեն վերաբերել չի կարող, որովհետեւ ինքը պաշտոնավարում է 2014-ից. Իսկ Ազգային ժողովի որոշմամբ՝  12 տարուց ավելի անընդմեջ պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորություններն են դադարեցվում: Ըստ նրա՝ այն դատավորները, որոնց լիազորություններն այս փոփոխություններով դադարեցվում են, կարող են վարչական կարգով բողոքարկել:

Իսկ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» միջեւ քննարկումները շարունակվում են. Հիշեցնեմ, որ ԲՀԿ-ին երկու ստորագրություն չի բավարարում Սահմանադրական դատարան դիմելու համար: Ըստ ԼՀԿ-ի՝ Մայր օրենքը հնարավորություն չի տալիս ԱԺ պատգամավորներին այդ հարցով դիմել Սահմանադրական Դատարան: «Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են կայացվել: Այս պահին որեւէ նորություն չունեմ», ասել  է Էդմոն Մարուքյանը, նաեւ անդրադարձել երեկ հապճեպ ընդունված որոշմանը:

Սահմանադրական դատարանի որոշումը կարող է ազդել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործի վրա, լրագրողների հետ զրույցում ասել է երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարությանը Բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Պողոսյանը դատարանին հաղորդում է տվել, որ նախօրեին շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ եւ պետք է թեստ հանձնի: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Նշենք, որ նիստին ներկա էր նաեւ երկրորդ նախագահը:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա այդ մասին տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում։ «Ինքնազգացողությունս լավ է, այս պահին որեւէ անհանգստացնող գանգատ չունեմ»,- գրել է նա։

Հայաստանում անցած մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված եւս 21 մարդ: Առավոտվա դրությամբ COVID-19-ով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 21006-ի: Վիրուսից մահացել է 12 մարդ, մահացածների թիվն այդպիսով հասել է 372-ի: Նախորդ օրը գրանցվել է մահվան եւս 9 դեպք, երբ մարդն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է:

Ազգային Ժողովի նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը կարծում է, որ առնվազն 10-15 օրից կնկատենք թվերի նվազում։ Ըստ նրա՝ իրականացվող միջոցառումները պետք է լինեն շարունակական։ «Եթե շարունակական պահենք ռեժիմը, կարող ենք հաղթահարել առնվազն 2 ամսից, ոչ լրիվ բայց նվազեցնենք թիվը»,- ասել է նա։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.44 դամով ու հասել 479.43 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.04 դրամով ու կազմել  541.13 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.51 դրամով ու հասել  596.55 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու կազմել  6.97 դրամ։

Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +33 +35:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ