News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երբ ունեինք նորմալ կանոնակարգ, բյուջեյի կատարողականը, եթե չէր հաստատվում, կառավարությունը ցրվում էր: Հիմա նման բան չկա, ինչպես անցած տարի, այս տարի ևս այն կարևոր քննարկում չդարձավ, այս տարի այն քննարկում ենք 2 խմբակցությունով: Այս մասին այսօր հունիսի 25-ին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ԱԺ–ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ խոսելով խմբակցության անունից։

Նրա խոսքով՝ քաղաքական առումով իշխանություններին հետաքրքիր չէ, երբ ընդդիմադիր որևէ ֆրակցիա բոյկոտում է:

«Պարո´ն Պապիկյան, երբ ասում ենք՝ թերակատարվել է բյուջեն, դա միայն ճանապարհաշինությանը չի վերաբերում: Եվ այս առումով ամբողջ բեռը կամ մեղքը բարդել տարածքային կառավարման վրա չի կարելի:

Ամբողջ կառավարությանն է դա վերաբերվում:

Ուզում եմ ժողովրդին բացատրել` ինչ է նշանակում բյուջեն թերակատարվել է:

Այսինքն ժողովուրդը փողը  հավաքել, հարկերը տվել է, տնտեսական ակտիվություն է ցուցաբերել, գումարը հավաքել, բերել տվել է այս հրաշալի մարդկանց, ու այս մարդիկ չեն ծախսել այդ փողը:

Թերակատարումը սա է, այսինքն գումարը հավաքվել է, ծրագրավորված է եղել, հիմա ունենք ծրագրեր, որի կատարումը 0 է, ունենք ծրագրեր էլ, որ 20 տոկոս է կատարումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարողացել անել այնպես, որ ժողովրդի տված փողերը, որով բյուջեն է լցվում, ծառայի ժողովրդի  նորմալ ապրելուն, և իշխանությունը  ձախողել է դա.

«Խոսում ենք, որ 2019-ը թվականը լավ տարի է եղել, ինչի մասին մենք էլ ենք ասել, ոչ ոք դա չի առարկում, բայց այդ ակտիվ, լավ տարում ժողովուրդը  փողերը հավաքել բերել տվել է ձեզ, դուք այդ փողը չեք կարողացել  էնպես ծախսել ժողովրդի  համար, որ  նրանց համար ավելի լավ լինի այս տարի:

Հիմա Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ` առողջապահական ճգնաժամ, սոցիալական ճգնաժամ, դրան գումարած տնտեսական, ինչպես նաև  քաղաքական:

Մեր գործընկերներն ասում են՝ ընդդիմադիրներ կան՝ բայղուշություն են անում:

Ի՞նչ եմ ուզում ասել` հիմա վատ է իրավիճակը, ապագայում ավելի վատ կլինի, որովհետև բոլոր  ցուցանիշները դա են ցույց տալիս` տնտեսական, սոցիալական, քաղաքական առումով էլ վատ  ցուցանիշ են ցույց տալիս:

Իսկ ի՞նչ է անում իշխանությունն այդ ընթացքում: Անում է ամեն ինչ, որ լռեցնի ընդդիմախոսներին`փոխանակ անի այնպես, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքերը բարելավվեն, բայց նրանց կյանքը գնալով վատանում է, իսկ իշխանությունը շրջվել ու զբաղվում է ընդդիմախոսներով»,- նշեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի` քաղաքական մեծամասնությունը այդ ընթացքում իր ժամանակին  տված խոստումները, որոնք  չի կարողանում իրականացնել իրավական հստակ ճանապարհներով, իրականացնում է բոլոր եղած չափանիշներին, սահմանադրության էթիկայի կանոնակարգերի և այլնի խախտումների միջոցով:

«Բայց հիմա էլ խնդիր կա, քաղաքական պատասխանատվության հարց կա: Երբ որ փող կար` ինչո՞ւ չի ծախսվել, ինչո՞ւ չեն կարողացել աշխատել  և  ովքե՞ր չեն կարողացել աշխատել, բնականաբար նրանց պետք է վերանայել, իսկ դրա փոխարեն զբաղված եք ձեր ընդդիմախոսներին լռեցնելով:

Ինձ վրա հարձակվում եք, մյուս ֆրակցիայի ղեկավարի նկատմամբ  գործ է հարուցվում, 87 հոգի քվեարկում են, գնում է,, դատարանը բաց է թողնում, սա է վերջին շրջանի ձեր արածները, դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերին ճնշելու, լռեցնելու  գործով»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանն անդրադարձավ նաև «Հրապարակ» թերթի լրագրող Էդիկ Անդրեասյանը դատախազի գրության հիման վրա Ոստիկանության քրեական հետախուզության վարչություն հրավիրելուն։

«Մի հատ հոդված է գրել վարչապետի մասին»,-նշեց նա։

Մարուքյանը նկատեց, որ ՏՄՊՊՀ-ն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թերթերին հարցաշար է ուղարկում և ասում՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները՝ ի՞նչ գովազդներ եք տալիս, ինչքա՞ն եք տալիս, ո՞նց եք տալիս։

«Մտել է այդ դաշտ։ Բոլոր խնդիրները թողած՝ ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով, ում ասենք, ծիծաղի առիթ կտանք։

«Պարոն վարչապետ, երբ եղել եք խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է Ձեզ, կամ ասե՞լ է՝ գովազդը քանի դրամով եք դնում։ Կամ լրագրողին կանչում են հարցաքննելու, որ իմանան՝ հոդվածում այսինչը գրելով ինչ է նկատի ունեցել... այս ի՞նչ մշակույթ եք բերել։ Անդադար ելույթ եք ունենում, թե լրագրող եք եղել, ո՞նց կարող եք հիմա լրագրողի իրավունքները ոտնահարել, բա հիմա ինչո՞ւ եք լռում։ Հետաքրքիր է, ՏՄՊՊՀ-ն իշխանությանը գիշեր-ցերեկ ծառայող կայքերին է՞լ է դիմել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ