News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված դրությունը նոր եւ կտրուկ շրջադարձեր է ստանում: Նախ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ազդարարեց, նկատենք՝ Ֆեյսբուքով, որ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները, ինչը նշանակում է, որ այդ օրենքը վաղվանից մտնում է ուժի մեջ:

Այս գրառումից քիչ անց երկրորդ նախագահի փաստաբանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել իրենց դիմումը, որը պետք է քննվեր հուլիսի 7-ին: Նրանցից Արամ Օրբելյանը հիշեցրել է, որ մայր օրենքի փոփոխությունների օրենքի դեմ ԲՀԿ-ի ստորագրահավաքին միանալուց առաջ  «Լուսավոր Հայաստանն» ուզում էր սպասել այդ գործի հանգուցալուծմանը,  եւ հավելել, որ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր առավոտյան քննարկել եւ վերջնական որոշում են ընդունել հրաժարվել իրենց դիմումներից:

Սակայն այդ քայլն էլ բավարար չէր ԼՀԿ-ին «Բարգավաճ Հայաստանի» դիմումին միանալու համար: Ըստ ԼՀԿ-ից պատգամավոր Տարոն Սիմոնյանի՝ այդ գործը, միեւնույն է, քննվելու է, որովհետեւ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել բարձր ատյան: «Մեր հայտարարությունն այն մասին էր, որ  այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական ազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված»,- ասել է Սիմոնյանը:

Ի պատասխան Արդարադատության նախարարի հայտարարության՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման եւ եւս երեք դատավորի պաշտոնանկ արվելու վերաբերյալ, բարձր ատյանի 4 դատավորներ հայտարարություն են տարածել, որում վկայակոչելով  Մայր օրենքի նորմերը,  համապատասխան պաշտոնյաներին հորդորում են դուրս չգալ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու հերթական հակառեկորդն է գրանցվել. մեկ օրում արձանագվել է 771 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 22488 է, որից կեսն է ապաքինվել: Մահերի թիվն ավելացել է 11-ով ու հասել 397-ի: Մեկ վարակակիր էլ մահացել  է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:

Կառավարության նիստում առողջապահության նախարարը վստահեցրել է, թե կարիք ունեցող եւ բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է:

Հայաստանում հերթ կանգնելու հարցը մինչեւ հիմա լուծված չէ, նիստի ժամանակ դժգոհել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Էլ չեմ ասում, որ շարունակվում է կորոնավիրուսի թեմայով հիբրիդային պատերազմը, ավելացրել է նա եւ արձագանքել ֆեյսբուքյան միլիոնավոր գրառումներից մի քանիսին

Եվս մի քանի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով, NEWS. am-ին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, սակայն  անուններ չի հրապարակել։ Ըստ մամուլի՝ COVID-19-ով են վարակվել «Իմ քայլից» Հակոբ Սիմիդյանը, Մխիթար Հայրապետյանը, Արեն Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը։ Երեկ նույն խմբակցությունից Վիկտոր Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը, նաեւ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էին  հաստատել վարակվելու լուրը։

Կառավարության նիստից  հետո վարչապետը շտապել է Ազգային ժողով, որտեղ անդրադարձել է խորհրդարանի նիստերի՝ ԲՀԿ-ի բոյկոտին: Այդ  քաղաքական ուժը ինքնաոչնչացվել է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահ է՝ հաջորդ գումարման ԱԺ-ում տեղ են ունենալու միայն ու միայն թավշյա հեղափոխության արժեքները աներկբայորեն պաշտպանող ուժեր:

Վարչապետի բնորոշմամբ՝ կորոնավիրուսը երկնային մանանայի նման թափվել է որոշ մարդկանց գլխին. Նրանք, ըստ վարչապետի, ասում են՝ էս ինչ լավ էր էս կորոնավիրուսը եկավ, վերջապես մենք վերակենդանանալու շանս ենք ստացել:

Ինչպիսի մեծ դերասան է մեռնում, արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին, Ֆեյսբուքում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ այդ խոսքերն ասելուց հետո է առաջին դարում Հռոմի կայսր Ներոնն ինքնասպան եղել: Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու եւ սիրաշահելու համար նվաստացնում եւ մահվան էր հասցնում իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին, նույնիսկ մորը, գրել է Զոհրաբյանը եւ ընդգծել, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի:

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցությունների նախագահները եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը պայմանավորվել են երեք ուժերով ստեղծել աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կմշակի համատեղ գործողությունների ծրագիր ու ճանապարհային քարտեզ, նաեւ կհամադրի ձեռնարկվող քայլերը:

Այս պայմանավորվածության մասին զրուցելով լրագրողների հետ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն քաղաքական դիակների կոնսոլիդացիան չի հետաքրքրում:

Եթե վարչապետի իրավասության մեջ մտնում է մեկ օրում Սահմանադրություն փոխել,  մի՞թե 3 ամսում մեզ մի ավտոբուս չէր կարող տրամադրել աշխատանքի հասնելու համար, հետաքրքրվել են Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող՝ Արարատի մարզի  բնակիչները,  որոնց տրանսպորտի  խնդիրը տեւական ժամանակ լուծում չի ստանում:

Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար պետբյուջեից հատկացված 2.5 միլիարդ դրամից 125 միլիոնն արդեն ծախսվել է, Ազգային ժողովում տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հուլիսի 1-ից Վրաստանը սահմանները կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար, բայց ոչ բոլոր երկրներից։ Այդ երկրի Հանրային հեռուստատեսությանը առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ այսպես կոչված  «կանաչ երկրների» ցուցակում, ըստ ամենայնի, չեն հայտնվի Ռուսաստանը, Թուրքիան, Հայաստանը: «Այնտեղից ժամանող յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար ռիսկ կա, եւ մենք այդ ռիսկերը թույլ չենք տա»,- հայտարարել է Գաբունիան:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային գրավչությունները, մշակույթը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները հանրայնացնելու  նպատակով արշավ է նախաձեռնել ու լուսանկարվել Արցախի պատմամշակութային վայրերի ֆոնին: Արշավը կրում է «Հայաստանը սեր է», «Հանգստացիր Հայաստանում» խորագրերն ու  հեշթեգերը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.22 դամով եւ հասել 481.30 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով ու կազմել  540.36 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.80 դրամով ու կազմել 598.88 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով ու  կազմել 6.94 դրամ։

Հունիսի 26-ին Հայաստանի առավելապես հյուսիսում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Կսկսվի օդի ջերմաստիճանի նվազում: Երեւանում եւս կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ են կանխատեսվել: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +18+20, վաղը ցերեկը՝ 31-ից 33 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ