News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Հայքի մայրաքաղաքներից (336-428թթ) Դվինի միջնաբերդի տարածքի պեղումների մասին NEWS.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Ֆրինա Բաբայանի հետ:

Կներկայացնե՞ք Դվինի գմբեթավոր կառույցի պեղումների պատմությունը։ 

Մեծ Հայքի Դվին մայրաքաղաքի միջնաբերդի տարածքի պեղումների ուսումնասիրությունը  մեծ հաջողությունների է հասել միջնադարյան քաղաքաշինության, արհեստագործության, նյութական մշակույթի տարբեր հարցերի քննության ասպարեզում։ Այդ աշխատանքի շարունակությունն է կազմում 2009 թ. Դվինի բլրալանջում բացված աղյուսաշարը, ուղղանկյուն հատակագծով 4x3 մ գետնափոր կառույցը։

Պատմության ինչպիսի՞ դրվագի վկայություն է կառույցը։

Հուշարձանը կառուցվել է XI-XII դդ. Սելջուկյան իշխանության ժամանակ, պետական գործիչ, պարսիկ Նիզամ ալ-Մուլքի իշխանության տարիներին։

Ի՞նչ նշանակության կառույց է։ 

Շինության գմբեթի աղյուսե շարվածքի մեջ ագուցված երկնագույն կոբալտե ափսեն, օղակ կազմած յոթ երկնագույն թասիկները՝ երկնային լուսատուները խորհրդանշող գաղափարակիրներ են։ Մեր համոզմամբ՝ միստիկ մտածողության տեր սուֆիների հավաքատեղի է եղել։

Ինչքա՞ն ժամանակ են տեւել եւ ե՞րբ են դադարեցվել պեղումները։

Հուշարձանը պեղվել է 2009-2014 թթ.՝ ընդմիջումներով։ Այսօր արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր չէ իրականացնել պեղումներ։

Ի՞նչ վտանգի տակ է այս պահին մշակութային ժառանգությունը՝ հաշվի առնելով, որ այն ընդամենը թիթեղյա ծածկի տակ է այս պահին։

Հնագիտական յուրաքանչյուր հայտնագործություն, եթե չի կոնսերվացվում, ապա բաց երկնքի տակ շատ արագ կորստի է մատնվում։ Դվինում բացված հուշարձանը եզակի է իր ճարտարապետական, շինարարական, կիրառական արվեստի նոր ոճով, որը հստակ ընդգծվում է Դվինի իշխանական տների՝ հայկական և հատկապես իրանական մշակույթը կրող կառույցի մանրամասներում, որի վերականգնում մի նոր էջ կբացի միջնադարյան Դվին քաղաքի կնճռոտ հարցերը վերանայելու համար։

Հնագետ Համլետ Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց հնագիտական աշխատանքների դադարեցման պատճառները եւ դրանք վերսկսելու հնարավորությունները։  

Այս տարի պեղումներ չեն կատարվել Դվինում, եւ պեղումներ պետք է անել միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի հոգալ ամրակայման եւ վերականգնման միջոցառումները: Քանի որ Դվինը մտած է հանրապետական տարածքային զարգացման ծրագրի մեջ եւ պետք է կենտրոնական թաղամասում որոշ աշխատանքներ անեն, մենք ուղղակի այդ համապատասխան հուշարձանները` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է երկու կաթողիկոսական պալատները, այդ տարածքն ուղղակի ամբողջությամբ մաքրել ենք, որ եթե աշխատանքները սկսվեն, ճարտարապետների հետ կարողանանք հստակեցնել, թե ինչը պետք է պահպանվի, ինչը պետք է մաքրվի: Նման խոտածածկ պայմաններում հնարավոր չէր դա իրականացնել եւ ես որպես արշավախմբի ղեկավար իրականացրել եմ այդ մաքրման աշխատանքները:

Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ աշխատանքները վերսկսելու համար եւ ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ արտակարգ դրության պայմաններում աշխատանքները վերսկսելու պարագայում:

Տարածքային զարգացման հիմնադրամին հայտ ենք ներկայացրել Դվինը վերջնական պեղելու եւ վերականգնելու վերաբերյալ, դեռ պարզ չէ՝ կլինի այդ ֆինանսավորումը, թե` ոչ: Մոտավորապես, նախնական հաշվարկներով, մոտ 50 միլիոն դրամի ֆինանսավորում է պահանջվում եւ եթե լինի՝ մենք աշնանը կկարողանանք վերսկսել աշխատանքը: Առանց պահպանման միջոցառումների հստակեցման չի կարելի վերսկսել պեղումները, քանի որ եթե չպահպանեն պեղումները, մշակութային ժառանգությունը կկործանվի: Քննարկվում են աշխատանքի կազմակերպման սկզբունքները արտակարգ դրության եւ համավարակի պայմաններում: 

Տպել
Ամենաշատ