News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստրասբուրգի նորընտիր քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը դաշնակցական ռազմական–քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի և Հայաստանի Առաջին հանրապետության դաշնակցական պատգամավորներից Պերճուհի Պարտիզպանյանի ծոռնուհին է։

Նրա նախապապը՝ Սարգիս Բարսեղյանը, կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում,  ապա մեկնել  Բաքու, որտեղ կազմակերպել է տեղեկատվական թերթոնների տարածումը հայազգի աշխատավորների շրջանում։

Բարսեղյանը Շուշիում մասնակցել է «Փոթորիկ» ռազմագործողությանը և ձերբակալվել։ Բանտ տեղափոխվելու ճանապարհին նրա զինակիցները հարձակվել են բանտարկյալներին ուղեկցող ժամապահների վրա և ազատ արձակել Բարսեղյանին՝ իրենց հետ տանելով նաև զենք, զինամթերք։ Սարգիսը հետագայում գործուն մասնակցություն է ունեցել հայ-թաթարական ընդհարումներին, գործել Նախիջևանի շրջանում, ապա 1906-ին տեղափոխվել է Վան, մասնակցել է հայ-թուրքական կռիվներին. Վանում եղել է կուսակցական գործիչ, ընտրվել է Կարինի բյուրոյի անդամ։ Սարգիս Բարսեղյանը  հարյուրավոր հայ մտավորականների հետ ձերբակալվել և նահատակվել է 1915թ.՝ դառնալով Հայոց Ցեղասպանության առաջին զոհերից մեկը։

Նրա կինը՝ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող Պերճուհի Պարտիզպանյանը նույնպես ուսանել է Ժնևում։ 1909 թվականին նա ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ, իսկ  ամուսնու սպանությունից հետո տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև՝ Թիֆլիս,  որտեղ Հովնանյան և Գայանյան վարժարաններում զբաղվել է ուսուցչությամբ: Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումից հետո միակ որդու՝ Արմենի հետ տեղափոխվել է Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել Ամերիկյան խնամատարության կոմիտեում: Հանրապետության անկումից հետո գաղթել է Հայաստանից: Որոշ ժամանակ բնակվել է Սոֆիայում, այնուհետև վերջնականապես հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և շարունակել իր հայանպաստ գործունեությունը հայ գաղթականների օգնության Նանսենեան կազմակերպությունում։ Պերճուհի Պարտիզպանյանը մահացել է 1940թ. Փարիզում։

Գրականագետների կողմից հատկապես բարձր է գնահատվել նրա 1938-39թթ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրում հրատարակված «Խանձված օրերը» գիրքը, որում նա ամբողջացրել է Պոլսո կյանքի, Եղեռնի մասին հիշողությունները: Գիրքը հետագայում վերահրատարակվել է 2004թ.-ին ֆրանսերեն՝ հեղինակի որդու թարգմանությամբ և թոռների օժանդակությամբ, և այնուհետև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դրվել հայ ընթերցողի սեղանին:

Ժաննա Բարսեղյանի պապը՝ իրավաբան Արմեն Բարսեղյանը ապրելով Ֆրանսիայում իր զավակներին և թոռներին դաստիարակել է հայկական ոգով։

Ժաննա Բարսեղյանը, ով ծնվել է Փարիզի շրջանում, 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ սովորել է ֆրանս-գերմանական իրավունք ու պապի օրինակով դարձել իրավաբան։ Ժաննա Բարսեղյանը, սակայն, առավել ճանաչված է, որպես բնապահպան–ակտիվիստ։

Որպես  էկոակտիվիստ՝ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված բազմաթիվ նախագծերի: Նա ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Հիշեցնենք, որ հայկական ծագումով ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանն Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել՝ ստանալով  ընտրողների ձայների 42,5 %-ը։

Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ