News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գույքահարկի բարձրացում ենթադրող օրենքը բավականաչափ վտանգավոր եւ հատկապես սոցիալական լարվածության այս պիկի ժամանակ քաղաքացու դեմ ուղղված աննախադեպ քայլերից էր. սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, թե ճանաչում է բազմաթիվ անձանց, որոնք բնակարան ունեն Կենտրոնում, սակայն այժմ ապրում են թոշակով, եւ իրենց համար խնդիր է առաջանալու:

«Ես իհարկե, լսել եմ «Իմ քայլը»-ից Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ ով չի կարում, թող իր տունը ծախի, գնա ծայրամասերում ապրի: Ես սա համարում եմ ցինիկ վերաբերմունք բավականաչափ լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ, որոնք իրենց տները ժառանգել են իրենց ծնողներից եւ հիմա, չունենալով աշխատանք, ստիպված են լինելու բավականաչափ գումարներ վճարել»-ասաց Զոհրաբյանը:

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ եղան, որ «Իմ քայլի» երկու պատգամավորներ իմանալով, որ վարակված են կորոնավիրուսով, մասնակցել են հունիսի 22-ի նիստին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ես համարում եմ ուղղակի անբարո եւ ամոթալի քայլ»:

Դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ վարակակիրներ կան նաեւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքում, Զոհրաբյանն ասաց, թե ինքն անձամբ նման տեղեկություններ չունի:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ ԲՀԿ-ի կողմից կառավարության հրաժարականի պահանջին հաջորդած արձագանքներին՝ Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք համարում է մտահոգիչ՝ անկախ նրանից, թե իրենց դեմ ինչպիսի քաղաքական հաշվեհարդարներ կլինեն:

«Ամենաանբարո բանը, որ արեց այս իշխանությունը եւ շարունակում է անել, այն է, որ հատեցին կարմիր գիծը: Քաղաքականության մեջ չգրված օրենք կա՝ փոքր երկիր է, քաղաք է, մենք էլ շատերի մասին շատ բան գիտենք, թե իրենց ընտանեկան կոմպլեքսները որտեղից են գալիս, ինչ ցավալի միջադեպերից են գալիս, ինչ անցյալ են ունեցել, ինչպես են վաստակել իրենց գումարը, բայց ես նողկալի եմ համարում այդ ամենը հրապարակելը, մարդու անձնական կյանք մտնելը:

Որեւէ իշխանություն իրեն թույլ չտվեց մտնել իր ամենաարմատական հակառակորդի անձնական կյանք, ինչը արեց այս իշխանությունը: Սա բարոյական կարմիր գիծն էր, որ սրանք անցան, բայց սրա պատասխանը իրենք տալու են շատ ու շատ դաժան: Մեզ տալիս են հստակ տեղեկատվություն, թե ով է անում, ում հրահանգով են մտնում մեր անձնական կյանք: Մենք գիտենք, թե որ օլիգարխների վրա եք դրել ճիտին պարտ՝ պահել ֆեյքերի բանակներ, աշխատողներին ստիպել ամենանողկալի քոմենթները գրել մեր հասցեին»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ