News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե ապագայում կորոնավիրուսի ճգնաժամը հանգեցնի կառավարության քաղաքականության ուժեղացման, պրոտեկցիոնիզմի եւ ազգայնականության, մարդկությունը կարող է բախվել «ավելի մեծ» եւ «ավելի մահացու» համավարակի, նախազգուշացրել է Օքսֆորդի համալսարանի գլոբալիզացիայի եւ զարգացման պրոֆեսոր, Նելսոն Մանդելայի նախկին խորհրդական եւ Համաշխարհային բանկի նախկին նախագահ Յան Գոլդինը:

Նրա խոսքերով՝ այն ուղին, որը գլոբալ քաղաքականությունն ընդունում է համավարակից հետո, կարող է ունենալ հեռուն գնացող բացասական հետեւանքներ: «Եթե դրանից դուրս գա ավելի ազգայնականություն եւ պրոտեկցիոնիզմ, արդյունքը կլինի ապագայում ավելի մեծ համավարակ, որը կարող է լինել ավելի մահաբեր, կլիմայի փոփոխություն, նոր ֆինանսական ճգնաժամեր, կիբերհարձակումներ, ավելի մեծ լարվածություն, սառը պատերազմ, եւ դա շատ է անհանգստացնում»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Գոլդինը:

«Այնպես որ, մենք ունենք ընտրություն: Կամ համաճարակը մեզ սովորեցնում է ավելի գլոբալիզացված լինել քաղաքականության մեջ, համագործակցել, վերականգնել գլոբալ աճը, կամ էլ ավելի ազգային ենք դառնում, սակայն այդ դեպքում մենք գտնվում ենք անելանելի պարույրի մեջ»։

Նախկինում Գոլդինը 2014 թ. հրատարակած իր «Թիթեռի դեֆեկտը» գրքում համատարած համավարակ էր կանխատեսել՝ նշելով, որ հիվանդության բռնկումը կդառնա հաջորդ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ավելի հավանական պատճառը։

Սակայն CNBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Covid-19 համավարակը եւ դրա տնտեսական հետեւանքները խորացել են ազգայնական քաղաքականության ընդունման եւ գլոբալ կառավարման ձախողման հետեւանքով:

«Ես չեմ մեղադրում ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ես կարծում եմ, որ նա արել է հնարավոր ամեն ինչ ստեղծված հանգամանքներում, սակայն նա չի ունեցել բավարար ռեսուրսներ, նրան չեն տրվել անհրաժեշտ լիազորություններ»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ համավարակը պետք է աշխարհին սովորեցնի, որ երկրների միջեւ սերտ համագործակցություն է անհրաժեշտ:

«Մենք տեսնում ենք, որ երկրները փորձում են տեղադրել բրանդմաուերներ: Ցավոք, չկա այնքան բարձր պատ, որը թույլ չտա համավարակ կամ կլիմայի փոփոխություն կամ ցանկացած մեծ ռիսկ»,- ասել է Գոլդինը: «Բայց բարձր պատերը հանգիստ չեն տալիս գաղափարներին, մարդկանց, տեխնոլոգիաներին, ներդրումներին, շուկաներին, որոնք մեզ պետք են բարգավաճելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ