News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր հրապարակումը 1-ին կլինիկական հիվանդանոցի՝ կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու գործում համավարակի առաջին իսկ օրերին պատրաստ լինելու մասին մեր առաջին հայտարարությունը չէր․ դեռ մարտի 1-ին ես պահանջեցի պաշտոնանկ անել առողջապահության նախարարին՝ հանրությանը եւ կառավարությանը՝ կորոնավիրուսի պաթոգենության շուրջ  ապակողմնորոշելու համար։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, երաժիշտ Վահան Արծրունին:

«Դուք, թերեւս, հիշում եք, կարծես՝ փետրվարի 27-ի, նրա հայտարարությունը, երբ նա կորոնավիրուսի պաթոգենությունը համեմատեց գրիպի պաթոգենության հետ։ Այսինքն՝ իմ կասկածները, որ այդ մարդը կարող է կազմակերպել առողջապահական համակարգի հակահամաճարակային ամբողջ ընթացքը, ցավոք, արդարացան։ Եթե մարդը գիտականորեն չգիտի վիրուսի պաթոգենության մասին, չի էլ կարող կազմակերպել դրա զսպումը, պարետին հուշի՝ ինչ պետք է անել եւ որը՝ որից հետո։ Մենք ուշացած սկսեցինք կարանտինը,  փետրվարին արդեն հայտնի էր դա։ Կարանտինը մի յուրահատկություն ունի․ եթե դուք ուշացած եք սկսում, այլեւս չեք կարող կառավարել համավարակի տարածման ընթացքը», ասել է Վահան Արծրունին։

Վ․Արծրունին հիշեցրել է, որ իր գրառմամբ զարմանք է  հայտնել վարչապետի այն հայտարարության առիթով, որ չեն կարողացել 200 հոգու հոսպիտալացնել եւ 2 մարդ մահացել է բուժումը չհասցնելու պատճառով․

«Ես գրեցի, որ մարտի 25-ից պատրաստ է այդ բաժանմունքը եւ այն առողջապահության նախարարը չի նկատում, ինչո՞ւ չի նկատում։ Ես իրականում հարցադրում էի արել։ Եվ պարզվեց, որ ոչ միայն պետական հիվանդանոցի հնարավորությունները չէին նկատում, այլեւ մասնավոր, որոնք վաղուց՝ ամիսներ առաջ, առաջարկում էին իրենց մահճակալային ֆոնդն օգտագործել կորոնավիրուսի բուժման գործում»։

Ի՞նչն էր պատճառը, որպեսզի պետական ֆինանսավորում չուղղվի՞ այդ հիվանդանոցներ, հարցին ի պատասխան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ասել է, որ այդ բաժանմունքը, որպես ինֆեկցիոն մեկուսարան, հիվանդանոցը պատրաստել է իր միջոցներով, չսպասելով, որ առողջապահության նախարարությունը բյուջե կհատկացնի։ Թեեւ անշուշտ հասկանալի է, որ նախարարությունը պեբյուջեից ստանում է միջոցներ հենց համավարակի դեմ պայքարի համար, որոնք պետք է ուղղի հենց այդ նպատակի համար։

«Իմ գրածը խեղաթյուրված զեկուցեցին վարչապետին, որ ես ասում եմ, թե մարտից ենք պատրաստ։ Երբ մարդու կյանքի մասին է խոսքը ոչ թե պետք է սորտավորել հիվանդներին, այլ փրկեն կյանքերը։ Այդ սորտավորումը բարձրաձայնվեց նույն պարոնի կողմից որպես քաղաքականություն, որն անդրադառնում է ոչ միայն հիվանդների վրա, այլեւ բուժհաստատությունների, որոնք պետք է բուժեն նրանց», ասել է Վ․Արծրունին։

Սորտավորումը, Վահան Արծրունու խոսքով, նեղ մասնագիտական խորհրդակցային տերմին է, որի մասին բժիշկները չեն բարձրաձայնում, նրանք երբեմն կանգնում են ծանր որոշման առաջ, թե որ հիվանդին պետք է այդ պահին փրկել, որին՝ ոչ, բայց այդ մասին նրանք բարձրաձայն չեն ասում։

«Առողջապահության նախարարը հրապարակավ հայտարարեց, թե գնում է սորտավորման, հետո դիվանագիտական կորպուսին ու ամբողջ երկիրը կանգնեցրեց կազուսի առաջ, երբ սկսեց համեմատել Հայաստանի եւ Վրաստանի առողջապահական մոդելները, անհեթեթ պնդումներ, որոնք ոչ մի բան դեպի դրականը չեն փոխում ոչ երկրում, ոչ էլ երկրից դուրս», ընդգծել է Վահան Արծրունին։

Տպել
Ամենաշատ