News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեկ պայմանավորվել էինք, որ այսօր պետք է ներկայանամ ԱԱԾ, բայց նաեւ որոշ փաստեր ի հայտ եկան, եւ իմ թիմը գտավ, որ ճիշտ է չներկայանալը: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

Նշենք, որ նրան ԱԱԾ են հրավիրել Սահմանադրական կարգը տապալելու, մասնավորապես ռադիոտունըւ, հեռուստատեսությունը եւ պետական պահպանության այլ շենքերը գրավելու կոչերի հետ կապված, որը նա արել էր ՍԴ դատարանի մոտ տված հարցազրույցում:

«Ես այսօր ծանոթացել եմ մի փաստաթղթի հետ, որի հիմքով կասեցվել կամ մերժվել էր քրեական գործի  հարուցում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018-ի դեպքերի ժամանակ, երբ գրավել էր ռադիոտունը: Արդեն կա փաստաթուղթը, որ կարճվել է գործը, հետեւաբար տրամաբանական հարց առաջացավ, թե այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում, եթե այն գործողությունը, որն իրականացվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից, հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է: Ես ասել եմ, որ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից:

Եթե դուք կարճել եք մի դեպք, որը վերաբերում է մի գործողության, որը Հայաստանի օրենքներով, միջազգային կոնվենցիաներով դիտվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վրա հարձակում, գրավում, այդ դեպքում ես ասել եմ, որ հակասահմանադրական քայլեր են իրականացվում եւ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում՝ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանիի գործիքակազմից ու գրավել ռադիոտունը: Եթե այդ գործողության մեջ հանցանք չկա, ապա ինչու են ինձ հրավիրել բացատրության: Փոխանակ ուրախ լինեն, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը պետք է որդեգրենք, ծափահարեն, որ քաղաքացիւն ընդորինակում է իրենց վարչապետին, ասում են՝ պետք է գաք բացատրություն տաք»,-ասաց նա:

Ռուբեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօր ԱԱԾ-ն զբաղված է քաղաքական հետապնդումներով, փորձում է վախ տարածել հանրության մոտ, հատկապես այն անձանց մոտ, որոնք քիչ թե շատ հանրային դեմքեր են, ակտիվ քաղաքական գործունեությունը են ծավալում. «Արդեն բացահայտ ճշմարտություն է, որ Նիկոլ Փաշինյանը բարտեր է առաջարկել Միքայել Մինասյանին, որ վերջինս չգա Հայաստան: Մոտավորապես այսպես՝ գիտեմ, որ դու հանցագործն ես, որ դու քո կլանով Հայաստանում լուրջ դիրքեր ես զբաղեցնում, գողացել ես, թալանել ես, կիսվել ես, եւ ինքն իր ԱԱԾ-ի ղեկավարի միջոցով առաջարկում է, որպեսզի չգա Հայաստան, հայտնի հիմնադրամին որոշակի գումար փոխանցի: Վերջապես այստեղ ակտիվ քաղաքական գործիչներ կան, որոնք այդ նույն Միքայել Մինասյանի թիմի մեջ են, որ նրանց էլ արգելի զբաղվել քաղաքականությամբ:

Սա բացահայտ հանցագործություն  է, երբ պետության առաջին դեմքը պարտադրում է, հրահանգում է, շանտաժի է ենթարկում ՀՀ քաղաքացուն, որ նա չգա Հայաստան: Ասում է՝ գնա թալանածդ վայելին ՀՀ-ից դուրս, թույլ տուր ես էլ վայելեմ այն, ինչ ունեմ:

Իսկ դատարանների շրջափակումը ազգային անվտանգության խնդիր չի՞: ԱԱԾ-ն հենց այդ հարցերով պետք է զբաղվի, ոչ թե Ռուբեն Հակոբյանին կամ մյուսներին հրավիրի, որ ծիծաղելի ինչ-որ բացատրություններ պահանջի»,-ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին, ռուբեն Հակոբյանն ասաց. «Հիմա էլ հայտարարում են, թե եկեք վկայություն տվեք, թե ոնց են կեղծել 2017-ի ընտրությունները: Պետք է անմեղսունակ լինել չհասկանալու համար, որ բոլոր ընտրությունները 1995-ից սկսած կեղծվել են:

Մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, երբ նա իրենց համար ջուր էր մատակարարում, երբ իրենց հետ կոալիցիոն հուշագիր էր ստորագրում, նա հրաշալի, բարի մարդ էր, սեփականատեր էր, բայց երբ ասաց՝ թագավորը մերկ է, պարզվեց ինքը հանցագործն է, ընտրակեղծարար է, բռնաբարիչ է: Այսինքն լուրջ ուղեղ պետք չի հասկանալու համար, որ իրենք զբաղված են քաղաքական պատվերներ իրականացնելով»:

Նա հավելեց, որ վերջին շրջանում բավականին ընդգծված գրոհ է սկսվել քաղաքական շատ թե քիչ հայտնի ներկայացուցիչների նկատմամբ, եւ վախի մթնոլորտ են ուզում տարածել. «Ես ուզում եմ ասել՝ մի վախեցեք, բացառվում է, որ ինչ-որ մարդիկ, որոնք ուղղակի իշխանատենչ են եղել եւ որեւէ բանի առաջ չեն կանգնում, որ գան իշխանության ու պահեն իշխանությունը, իրենք ամեն ինչի ընդունակ են: Բայց թող որեւէ մեկին չթվա, որ կարող են բռնապետություն հաստատել, մարդիկ է, կնստեն, կթողնեն, որ իրենց վրայով անցնեն: Իրենք լուրջ գրոհի են անցել, օգտագործում են կորոնավիրուսի այս դեպքը:

Մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ գործ ունեն մեկ անձի հետ, որը երեսպաշտությամբ, ժողովրդի էմոցիան գողանալով եկել է իշխանության, ուժային լծակներն օգտագործում է, որ վախի մթնոլորտ ապահովի եւ շարունակի իր իշխանությունը պահպանել, բայց դա երկար չի տեւի, վերջը արագ մոտենում է»:

Տպել
Ամենաշատ