
Պեկինը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել ոտնձգությունները չինական ընկերությունների նկատմամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ կարգավորիչները Huawei եւ ZTE հեռահաղորդակցական սարքավորումների մատակարարներին ազգային անվտանգության սպառնալիք են հայտարարել, փոխանցում է AP-ն:
ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովն արգելափակել է չինացի վենդորների կողմից պետական ֆոնդից սուբսիդիաներ ստանալը՝ ակտիվացնելով ԱՄՆ շուկա դրանց մուտքը սահմանափակելու ջանքերը:
Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը Վաշինգտոնին մեղադրել է «պետական իշխանության չարաշահման մեջ»՝ «առանց որեւէ ապացույցի» չինական ընկերություններին վնաս պատճառելու համար: «Մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում Միացյալ Նահանգներին դադարեցնել չարաշահել ազգային անվտանգության հայեցակարգը՝ դիտավորյալ վարկաբեկելով Չինաստանը եւ անհիմն կերպով ճնշում գործադրելով չինական ընկերությունների վրա»,- ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
ԱՄՆ-ն պնդում է, որ Huawei Technologies Ltd.-ն՝ հեռահաղորդակցման սարքավորումների աշխարհի ամենամեծ արտադրողը, եւ դրա ZTE Corp. ընկերությունը վերահսկվում են Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության կողմից: Huawei-ը եւ ZTE-ը հերքում են ԱՄՆ-ի մեղադրանքները:
ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովը նախօրեին հայտարարել էր, որ ունիվերսալ սպասարկման ֆոնդի՝ տարեկան 8․3 միլիարդ դոլարի չափով միջոցները, որը սուբսիդավորում է որոշ սարքավորումների գնումները օպերատորների համար, այլեւս չեն կարող օգտագործվել Huawei-ի կամ ZTE-ի սարքավորումները գնելու համար: