News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485
EUR
570.6
RUB
6.64
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Գործարարության աջակցման գրասենյակը դեռեւս 2014 թվականից ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ մեկնարկել էր Հայաստանում լիզինգի օրենսդրության մշակման նախադրալների ուսումնասիրություն եւ ներկայացրել վերլուծություն՝ նպատակ ունենալով լիզինգը, որպես այլընտրանքային ֆինանսական գործիք հասանելի դարձնել հայաստանյան գործարարներին՝ ապահովելով անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:

Հայաստանում հիմնական միջոցների լիզինգը 2014 թվականի վարկային պորտֆելի մեջ, ըստ LeasEurope ասոցիացիայի, կազմում էր ընդհանուրի ընդամենը 0.8%-ը: Այսպիսով, լիզինգը, որպես ալընտրանքային ֆինանսական գործիք, ուներ մեծ ներուժ զարգանալու եւ տեղայնացվելու հայաստանյան շուկայում:

Հայաստանում լիզինգային գործունեություն իրականացնող  մասնագիտացված լիզինգային ընկերությունների, ՈՒՎԿ-ների, գործող 21 առեւտրային բանկերից լիզինգ տրամադրող 5-ի հետ քննարկումների արդjունքում վեր հանվեցին օրենսդրական մի շարք խոչընդոտներ: Լիզինգի հետ կապված հարաբերությունները կարգավորող Քաղաքացիական օրենսգիրքն անդրադառնում էր միայն դասական ֆինանսական վարձակալությանը /լիզինգին/ եւ որեւէ կերպ չէր կարգավորում լիզինգի մյուս տեսակները, ինչպիսիք են կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին նաեւ մի շարք խնդիրներ Հարկային օրենսգրքում եւ հարակից այլ օրենքներում:

Սույն թվականի հունիսի 18-ին 98-կողմ, 0-դեմ, 0-ձեռնպահ քվեարկության արդյունքում Ազգային Ժողովը ընդունեց Գործարարության աջակցման գրասենյակի կողմից մշակված լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող  օրենսդրական փաթեթը, որը ուժի մեջ մտավ հուլիսի 1-ից, բացառությամբ գույքահարկին առնչվող կարգավորումների, որոնք ուժի մեջ կմտնեն Հարկային Օրենսգրքում գույքահարկին առնչվող ընդհանուր կարգավորումների հետ միասին:

Ընդունված փաթեթով կարգավորվեց լիզինգատուի եւ լիզինգառուի հետ կապված իրավահարաբերությունները, կրկնակի լիզինգը, հետադարձ լիզինգը,  ինչպես նաեւ սահմանվեց դրանց մանրամասն նկարագիրը եւ կիրառման առանձնահատկությունները, կարգավորվեցին ենթալիզինգի հարաբերությունները, լիզինգի յուրաքանչյուր տեսակի պայմանագրի առանձնահատկությունները:

Ընդունված փոփոխությունների արդյունքում լիզինգատուն այլեւս ստիպված չի լինի գույք ձեռք բերելիս ավելացնել ԱԱՀ, երբ հանձնում է այն լիզինգառուին, այսպիսով հնարավոր կլինի գործարքների արժեքը 20 տոկոսով նվազեցնել եւ ավելի ձեռնտու դարձնել տնտեսավարողների համար:

Լիզինգի գործիքը եւ իր կիրառման շրջանակը կհավասարեցվի ֆինանսական եւ վարկավորման առկա այլ գործիքներին, որոշ դեպքերում անգամ դառնալով ավելի ձեռնտու, ինչը, ըստ կանխատեսումների, էական ազդեցություն կունենա Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության մի շարք ոլորտների զարգացման վրա:

Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի.

«ՓՄՁ զարգացման ռազմավարության հենասյուներից մեկն է ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։  Վերջինի առաջնահերթություններից է, իրավամբ, անշարժ գույքին այլընտրանքային գրավի կիրառությանը առնչվող օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտի բարեփոխումը։ Այս ուղղությամբ ամենաէական քայլերից մեկն էլ այս փաթեթի ընդունումն է, որը հնարավորություն է տալիս լիզինգի գործիքն ու դրա կիրառման շրջանակը հավասարեցնել ֆինանսական եւ վարկավորման այլ գործիքներին։ Ստեղծված իրավիճակում, երբ բիզնեսը ստիպված է արագ փոփոխությունների ենթարկվել եւ հարմարվել նոր պայմաններին, լիզինգի գործիքի արդյունավետ կիրառությունը հնարավորություն կտա նոր ուղղություններ զարգացնել՝ առանց լրացուցիչ գրավի անհրաժեշտության»:

Հարկ է նշել նաեւ, որ Գործարարության աջակցման գրասենյակի կողմից մշակված օրենսդրական նախագծերի փաթեթը կազմվել է համադրելով միջազգային փորձի ուսումնասիրությունը տեղական լիզինգատուներից եւ փորձագետներից ստացված տեղեկատվությունը եւ առաջարկները:

Գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը, ով ակտիվորեն ներգգրավված է եղել օրենսդրական դաշտի ուսումնասիրության եւ փաթեթի մշակման աշխատանքներին, նշեց.  «Ժամանակակից տնտեսական պայմաններում լիզինգը այն ֆինանսական գործիքն է, որը կարող է խթանել Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության զարգացումը, նպաստել ինովացիոն եւ ներդրումային միջավայրի ակտիվացմանը: Այս ամենի նախադրյալն է միջազգային ստանդարտներին համապատասպանող օրենսդրական դաշտը: Մեր թիմը բազմակողմանի ուսումնասիրել է լիզինգին վերաբերվող ՀՀ օրենսդրության բացերը եւ խոչընդոտները, համեմատել այն միջազգային ստանդարտների հետ, եւ արդյունքում մշակել օրենսդրական նոր կարգավորումներ, որոնք արդիական եւ ճկուն են դարձրել օրենսդրությունը»:

Գրասենյակի կողմից համակարգվող փաթեթի մշակման եւ քննարկման՝ գործընթացը նաեւ յուրահատուկ համագործակցություն էր բոլոր ներգրավված թե՛ պետական մարմինների եւ թե՛ մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ՝ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաեւ լիզինգային ծառայություններ մատուցող  կազմակերպությունների: Գրասենյակը, որպես օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող, բարձր է գնահատում նախագծի իրագործման մեջ ներգրավված բոլոր անձանց եւ կառույցների համագործակցությունը եւ մասնագիտական ներդրումը:

«Արմենիան Լիզինգ Քամփնի» Ունիվերսալ Վարկային Կազմակերպության գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը, ով, որպես ոլորտի փորձագետ, մասնագիտական մեծ ներդրում ունի լիզինգի օրենսդրական փաթեթի մշակման գործում, նշում է՝.

«Մեր տնտեսության անընդհատ զարգացման համար առհասարակ անհրաժեշտ է այլընտրանքային ֆինանսական ծառայությունների գործիքակազմը ուժեղացնել, դա է եղել փոփոխությունները նախաձեռնող աշխատանքային խմբի հիմնական նպատակը։ Լիզինգը այս առումով ունի իր ուրույն դերը, քանի որ գործարքը լինելով խիստ նպատակային եւ թափանցիկ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար վերահսկողության տեսանկյունից քիչ ծախսատար, միեւնույն ժամանակ խիստ մասնագիտացում է պահանջում եւ իր ուղղակի ազդեցությունը ունի երկրի ՀՆԱ ցուցանիշի վրա։ Գործընթացը կարգավորող այս օրենսդրական բարելավումները թույլ կտան գործարքի բոլոր կողմերին առավելագույնս շահավետ օգտագործել իրենց միջոցները ե ռեսուրսները։ Վերոհիշյալ փոփոխությունները միտված են զարգացնելու նաեւ հայրենական հիմնական միջոցներ (պոտենցիալ լիզինգի առարկաներ) արտադրողների գործունեությունը, թույլ կտան զարգացնելու կրկնակի եւ հետադարձ լիզինգը, կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը եւ այս ամենի հետեւանքը անշուշտ խոշոր հաշվով լինելու է տնտեսության զարգացումը»:

Լիզինգի  բնագավառում ընթացակարգերի հստակեցումը եւ պարզեցումը միտված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների խրախուսմանը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացման համար նախապայմանների ստեղծմանը, որոնց համար մեծ նշանակություն ունեն լիզինգային գործարքները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբու փոխարժեքը իջել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արդյունաբերության կիսամյակը․ տնտեսության ընդհանուր անկման թվերը սպասելի էին. Արա Գալոյան
Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 44 մլն 953 հազար 520 դոլար արժեքի մոլիբդենի խտանյութի...
«Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում
Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է...
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի....
Խաղողի գնումների հարցը մտահոգիչ է. Հրաչ Բերբերյան
Հայաստանում նախատեսված նոր տեսակի սերմերի համար կազմակերպվող միջազգային սեմինարը վտանգի տակ է...