News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եւ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի, Արցախի Հանարապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի եւ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գեւորգյանի մասնակցությամբ:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Արթուր Թովմասյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ անցկացված տեսակոնֆերանսի մասին՝ այդ համատեքստում կարեւորելով ՀՀ արտգործնախարարի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտության եւ Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության, այդ թվում նաեւ, ազատ եւ անվտանգ տեղաշարժի ապահովման վերաբերյալ հնչեցրած տեսակետը:

Շնորհավորելով համապետական ընտրությունների անցկացման եւ դրանց արդյունքում ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է, որ եւս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ժողովրդի՝ իր ապագան մարդու ազատության հիմնարար սկզբունքների եւ ժողովրդավարական համակարգի հիման վրա կառուցելու վճռականությունը:

Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները լիազորված են անհրաժեշտ մանդատով՝ առաջ տանելու խաղաղ գործընթացը, եւ որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, գործնական առումով, ռեալ առաջընթաց ամրագրելն անհնար է:

«Արցախի ժողովուրդը վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը եւ ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան եւ իրականացնում ազատ ապրելու իր իրավունքը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ համավարակի պայմաններում բանակցային գործընթացի իրականացմանը, խորհրդարանական դիվանագիտությանը եւ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ